Բաժիններ՝

Սեփական տուն էր, ամեն ինչ՝ մեջը, իսկ հիմա 10 անչափահաս երեխաների հետ 2 սենյակում ենք ապրում. Նոր Հայկաջուրի բնակիչը՝ պատերազմի, դրանից հետո Արցախ վերադառնալու մասին

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեր հայրենակիցները ստիպված եղան լքել իրենց տները՝ ոմանք՝ ժամանակավոր, ոմանք՝ էլ ավելի երկար ժամանակով, քանի որ հայկական որոշ հողեր օկուպացվեցին թշնամու կողմից:

Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո իրենց մշտական բնակության վայրեր շատ ընտանիքներ վերադարձան, որոնց թվում էր նաև Հերմինե Հայրապետյանը՝ իր 10 անչափահաս երեխաների հետ:

«Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր գյուղից ենք, այս պահին բնակվում ենք Ստեփանակերտի «Հեղնար» հյուրանոցում: Պատերազմի ժամանակ տեղափոխվել էինք Երևան, հետո վերադարձանք այստեղ, և հիմա ժամանակավոր հյուրանոցում ենք մնում: Ի տարբերություն շատերի, մենք կարծում էինք, որ պատերազմ կլինի, երբ եղան թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

Պատերազմի ժամանակ այն, ինչ կատարվում էր՝ մեր գյուղի վերևում էր: Սեպտեմբերի 27-ին մի կերպ երեխաներին հասցրել, հանել ենք գյուղից, տարել ենք Ստեփանակերտ, Շուշի ու Երևան: Նախքան դա մնացինք Տեղ գյուղում, որ կրկին մեր գյուղ վերադառնայինք, բայց ճամփից հետ դարձրեցին, ասացին՝ հետ դառնալ չկա, պետք է առաջ գնաս: Մեր գյուղն Աղդամի շրջանի մեջ էր մտնում, 2 օր ժամանակ ունեինք, որ հանեինք ապրանքը, ՎԱԶ-2107-ով էինք, դրանով ի՞նչ ապրանք հանեինք: Գնացինք, անձրև, մառախուղ էր, հեռուստացույց, լվացքի մեքենա ու սառնարան հանեցինք, անձրևի տակ գցած է եղել, չգիտենք՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Հերմինեն:

Նա հայտնեց, որ նոյեմբերի 20-ից վերադարձել են Ստեփանակերտ:

«Ես նոր տուն էի ստացել, մի տարի էլ չեմ ապրել, որպես բազմազավակ ընտանիք՝ տվել էին, «Համահայկական հիմնադրամն» էր սարքել: Սեփական տուն էր՝ ամեն ինչ՝ մեջը… Իսկ հիմա 13 հոգով 2 սենյակում ենք ապրում՝ անչափահաս 10 երեխաներս, ես, ամուսինս ու եղբայրս: Հյուրանոցի ծախսերը պետությունն է հոգում, մենք փորձում ենք սննդի, հագուստի հարցով զբաղվել: Կհորդորեմ բոլորին՝ հետ վերադառնալ՝ պետք է ապրենք ու շենացնենք մեր երկիրը, օջախները չպետք է թողնենք»,- հավելեց Հերմինե Հայրապետյանը:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝  2020 թվականի նոյեմբերի 14-ից իր բնակության վայրեր են վերադարձել 52 415 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս