Բաժիններ՝

Ռուսաստանը և ԱՄՆ-ն սկսել են ՌՀՍԿՊ-ի շուրջ ստուգումների և կոնսուլտացիաների գրաֆիկի համաձայնեցումը

Մոսկվան եւ Վաշինգտոնը, երկարացնելով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍԿՊ-3)՝ նոր փուլ են բացել սպառազինությունների նկատմամբ հսկողության բնագավառում, Ռուսաստանը դրականորեն է գնահատում ԱՄՆ-ի կողմից ազդանշանները: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Ըստ էության, մենք դիվանագիտության համար հնարավորությունների նոր պատուհան ենք բացել սպառազինությունների նկատմամբ հսկողության բնագավառում հեռանկարային լուծումներ գտնելու առումով, որոնց անհրաժեշտությունը, կարծում եմ, այսօր ակնհայտ է բոլորի համար»,-ասել է Ռյաբկովը՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությունում կազմակերպված մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռ չգիտե, թե այդ հարցերի շուրջ ինչ դիրքորոշումներով հանդես կգա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, բայց մենք «ողջունում ենք հայտարարությունն այն մասին, որ ՌՀՍԿՊ-ի երկարացումը կոչված է դառնալ այս ուղղությամբ հետագա փոխգործակցության սկիզբը»:

Մոսկվան եւ Վաշինգտոնը սկսել են ստուգումների եւ կոնսուլտացիաների գրաֆիկի համաձայնեցման ընթացակարգը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի շրջանակներում, հայտարարել է Սերգեյ Ռյաբկովը: Դրա հետ մեկտեղ Ռյաբկովը նշել է, որ առայժմ չկա այն բանի ըմբռնումները, թե երբ կարող է կայանալ ՌՀՍԿՊ-ի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ հանձնաժողովի նիստը, կողմերը «նոր-նոր են սկսում դրանով (համաձայնեցմամբ) զբաղվել»: Նրա խոսքով՝ հարկ է, որ կողմերը որոշեն ինչպես ապագա հանդիպման ամսաթիվը, այնպես էլ օրակարգը: Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը փետրվարի 3-ին նոտաներ են փոխանակել ներքին ընթացակարգերի ավարտման մասին, որոնք անհրաժեշտ էին ՌՀՍԿՊ-3-ի երկարացման համար: Պայմանագիրն առանց փոփոխությունների եւ լրացումների երկարացվում է հինգ տարով՝ մինչեւ 2026 թվականի փետրվարի 5-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս