
Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու սիրված օպերային աստղերը «Սեր» համերգներով կշնորհավորեն սիրո տոնը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանրաճանաչ օպերային երգիչներ Լիանա Ալեքսանյանի, Նինա Մինասյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Դավիթ Բաբայանցի հետ «Սեր» համերգային ծրագրով կշնորհավորի սիրահարների տոնը: Նվագախումբը կղեկավարի Գերմանիայից հյուրախաղերի ժամանած դիրիժոր Օլիվեր Վիդերը:
Երեկոները տեղի կունենան փետրվարի 13-14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Լրագրողները փետրվարի 11-ին հնարավորություն ունեցան ունկնդրել համերգի փորձն ու զրուցել արտիստների հետ:
«Երկու անգամ աշխատել եմ ձեր շքեղ նվագախմբի հետ: Սիրով եմ համաձայնվել ևս մեկ անգամ գալ Հայաստան: Նվագախումբը հանդես է գալու մեներգիչների ֆանտաստիկ կազմով: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպել նման արտիստների, որոնց հետ կատարելու ենք օպերաներից, օպերետներից հրաշալի հատվածներ, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Միշել Լեգրանի սիրված հիթերը»,- տեղեկացրեց Օլիվեր Վիդերը:
Նա շեշտեց, որ ծրագիրը բազմազան է և կարող է դուր գալ տարբեր սերունդների ներկայացուցիչների: Անդրադառնալով «Սեր» խորագրին՝ Վիդերն ասաց, որ սեր են փնտրում և՛ երիտասարդները, և՛ հասուն մարդիկ: «Սերը և մահը մեծ դեր են կատարում երաժշտության մեջ: Բազմաթիվ ստեղծագործություններ պատմում են, խոսում են հենց սիրո մասին»,- նշեց Օլիվեր Վիդերը:
Գերմանաբնակ օպերային երգչուհի Լիանա Ալեքսանյանի համոզմամբ՝ հայերի համար հատկապես այսօր շատ կարևոր է սերը: «Երբ տեսա, թե ինչ է կատարվում մեր երկրում, հասկացա, որ ժողովուրդը բաժանվել է խմբերի, և մենք մոռացել ենք սիրել միմյանց: Անհրաժեշտ է սիրել ու հիշել, որ առանց սիրո գուցե սխալ ճանապարհով գնանք»,- ընդգծեց երգչուհին:
Ռուսաստանից Հայաստան ժամանած սոպրանո Նինա Մինասյանը, որն առաջին անգամ է հանդես գալիս հայրենիքում, նշեց, որ համավարակից, պատերազմից հետո կյանքը շարունակվում է, և մենք պետք է փորձենք գտնել լույսը, գնալ նրա ետևից, շարունակել ապրել: Համերգը դեպի լույս տանող ճանապարհներից մեկն է:
Բարիտոն Դավիթ Բաբայանցի խոսքով՝ պետք է հասկանանք, որ բոլորս մեկ նավում ենք, և այդ նավի առագաստը պետք է լինի սերը, սերը հայրենիքի հանդեպ:
Երգիչ Լիպարիտ Ավետիասյանը խոստովանեց, որ համավարակի տարածման ընթացքում հուսահատված էին ու շատ էին ցանկանում վերադառնալ բնականոն կյանքին, բայց եղավ պատերազմը: «Կարծում եմ՝ պետք է առաջ շարժվել: Այս համերգը փոքր ելքերից մեկն է դեպի լույսը: Ըստ իս՝ թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի հայերն ապրում են դժվար ժամանակներ, և մեզ պակասում է սերը, բարությունը, որովհետև չարը շատ է: Դա մեր ամենամեծ թշնամին է. մենք պետք է վերանայենք մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ, կյանքի հանդեպ: Մեր ելույթներով կփորձենք սեր փոխանցել, որը մեզ բերում է դեպի մեր հավատքը, որից մենք շատ ենք հեռացել»,-եզրափակեց տենորը:
Երգիչները, որոնք հաջողությունների են հասել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, շարունակում են բարձր պահել մեր երկրի անունը մեծ բեմերում: Նրանք խոստովանեցին, որ 2021 թվականի իրենց բոլոր նախագծերը, համերգները հետաձգվել են, բայց հույս ունեն, որ ամեն ինչ լավ կլինի: Նրանք հրաշալի են համարում այն փաստը, որ Հայաստանում են ու կարող են համատեղ համերգներով սեր նվիրել հանդիսատեսին: