Այդ նպատակով կազմակերպված առցանց հանդիպմանը ելույթ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարության անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին` նախարարի տեղակալը նշել է, որ բարձր է գնահատում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական ծրագրի մշակումը` այդ համատեքստում կարևորելով բուհերում հետազոտության, նորարարության և արդյունաբերության կապերի ամրապնդմանը միտված նախագիծը: Ա. Մարտիրոսյանը՝ որպես ծրագրի համակարգող, շնորհակալություն է հայտնել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանին` նշելով, որ ծրագրում ընդգրկված են ՀՀ երեք բուհեր` Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Հայաստանի ագրարային ազգային համալսարանը:
«Ծրագիրը հեռանկարային է, քանի որ ստեղծվելու է աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների հետազոտական նոր հարթակ, որը կնպաստի համատեղ հետբուհական կրթական ծրագրի իրականացմանը, ինչը կլինի կարևոր ձեռքբերում: Հայաստանյան բուհերն այժմ գտնվում են մի փուլում, երբ փոփոխում են ուսուցման և դասավանդման հարաբերություններն արդյունաբերության հետ, հետևաբար անհրաժեշտ է ստեղծել միջոլորտային ծրագրեր, որոնք կկապեն տարբեր համալսարաններ և կստեղծեն սիներգիա: Ակնկալում ենք, որ ծրագիրն ուղղակի ազդեցություն կունենա ուսանողների՝ աշխատաշուկա մուտք ապահովելու առումով, ինչպես նաև կնպաստի հետազոտողների նոր կարողությունների ձեռքբերմանը և լաբորատորիաների հզորացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:
CeoTAK նախագիծը միտված է աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ասպիրանտական կրթության բարելավմանը, արդյունաբերական դոկտորական կրթության մոդելի կիրառմանը, հետազոտական կարողությունների ուժեղացմանն ու կապերի զարգացմանը:
2021-24 թվականների համար նախատեսված 36 ամսվա տևողությամբ կրթական նախագիծը համակարգելու է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը: «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը» (ՃՇԱՀ) հանդես է գալիս որպես հայաստանյան համակարգող:
Նախագծի շրջանակում վերանայվելու և բարելավելու են հետազոտական լաբորատորիաները, համապատասխան թեմաներով վերապատրաստվելու են ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող մասնագետները:
Նախագծում ընդգրկված են 14 կազմակերպություններ Իսպանիայից, Շվեդիայից, Սլովենիայից, Բելգիայից, Հայաստանից և Ղրղզստանից.
- Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան – Իսպանիա (համակարգող),
- Արքայական տեխնոլոգիական ինստիտուտ – Շվեդիա,
- Լյուբլյանայի համալսարան – Սլովենիա,
- Բրյուսելի ազատ համալսարան – Բելգիա,
- Հայաստանի ազգային ագրարային համալսարան,
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան,
- Երևանի պետական համալսարան,
- ՀՀ կադաստրի կոմիտե,
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
- Ղրղզստանի շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարան,
- Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարան,
- Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն,
- Օշի տեխնոլոգիական համալսարան – Ղրղզստան,
- Ղրղզստանի Հանրապետության պետական քարտեզագրական-գեոդեզիական ծառայություն:
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում և Ղրղզստանում հետբուհական բարձրագույն կրթության նոր ծրագրերի մշակումն է` միտված հետազոտությունների և նորարարությունների միջև կապերի զարգացմանը, պետական կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը: Թիրախային են դիտվում համատեղ նորարարական նախագծերի և ասպիրանտական ծրագրերի իրականացումը, արդյունաբերության հետ բուհական կապի ամրապնդմանն ուղղված ռազմավարությունների մշակումը և այլն: