ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանում սկսվել է մետաղական ուրանի արտադրությունը
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանն սկսել է մետաղական ուրանի արտադրությունը: Այդ մասին փետրվարի 10-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:
ՄԱԳԱՏԷ-ի մասնակից երկրների ներկայացուցիչների հետ հադիպմանը Գրոսին ասել է, որ փետրվարի 8-ին գործակալության տեսուչին հաստատել են Սպահան քաղաքի օբյեկտում ոչ մեծ քանակությամբ՝ 3,6 գրամ, մետաղական ուրանի արտադրության փաստը:
Գործակալությունը հիշեցնում է, որ մետաղական ուրանը կարող է օգտագործվել միջուկային ռումբի արտադրության համար, եւ որ դրա արտադրության հետ կապված հետազոտությունների նկատմամբ սահմանվել է հատուկ արգելք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում, որը կնքվել է 2015 թվականին:
Ավելի վաղ Իրանը չի արտադրել մետաղական ուրան: Թեհրանը մետաղական ուրանի արտադրության հետ կապված հետազոտություններ անցկացնելու մտադրության մասին հայտարարել է հունվարին եւ նշել, որ դրանք հռչակվել են եւ կապված են վառելանյութի բարելավված տեսակի մշակման հետ: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազըմ Ղարիբ Աբադին հայտարարել է, որ նոր վառելանյութի մշակման գործունեությունը տարվում է Թեհրանի հետազոտական ռեակտորի համար:
«Սկսվել է գիտահետազոտական եւ փորձա-կոնստրուկտորական գործունեություն, որը կապված է Թեհրանի հետազոտական ռեակտորի համար վառելանյութի բարելավված տեսակի մշակման հետ:
Մետաղական ուրանի արտադրության առաջին փուլում օգտագործվելու է բնական ուրան»,-Աբադին իր Twitter-ում գրել է հունվարի կեսերին:
Անցյալ տարվա նոյեմբերին ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել էր, որ Իրանը շարունակում է ավելացնել միջուկային վառելանյութի կուտակման տեմպերը, զգալիորեն գերազանցելով սահմանաքանակները, որոնք նախատեսված էին ԳՀՀԾ-ի կողմից: Այսպես, Թեհրանը 12 անգամ գերազանցել է սահմանը, որը հաստատվել էր ԳՀՀԾ-ի կողմից. այն կազմել է 202,8 կիլոգրամ: Իրանը նաեւ ուրանը հարստացնում է մինչեւ 4,5 տոկոսի մակարդակ, թեեւ պայմանավորվածությունները թույլատրում են միայն 3,67 տոկոսի մակարդակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: