Անկարան և Մոսկվան արդեն ավարտել են բանակցությունները «C-400»-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ. «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիան սովորաբար ստեղծում է խնդիրներ, փաստի առջեւ կանգնեցնում իր «խաղընկերներին»՝ հստակ գիտակցելով, որ նախնական տարբերակին վերադարձ չի լինի: Այդպես եղավ նաեւ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման դեպքում, որի հետեւանքով վերջին շրջանում լարված էին Անկարայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկերների եւ ԱՄՆ-ի հետ։ Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած C-400 ՀՕՊ համակարգերը: «Պետք չէ դրանք անընդհատ օգտագործել: Մենք կարող ենք դրանք օգտագործել՝ կախված սպառնալիքների ի հայտ գալուց», – ասել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Վերջինս առաջարկել է կիրառել կրետական մոդելը, նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը եւս ունի ռուսական C-300 համակարգեր, որոնք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ: Թուրքական որոշ աղբյուրներ գրում են, որ Անկարան եւ Մոսկվան արդեն ավարտել են բանակցությունները «C-400»-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման շուրջ, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ է «միայն Թուրքիայի վերջին ստորագրությունը»:

Հիշեցնենք, որ Էրդողանի կողմից երկրորդ խմբաքանակը ձեռք բերելու պայմանների շարքում էր «C-400»-ի տեխնոլոգիայի փոխանցման եւ համատեղ արտադրության իրականացումը։ Արդյոք ռուսական կողմը համաձայնել է դրան, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Այս կերպ Թուրքիան փորձում է ապահովել իր անկախությունը ինչպես ՆԱՏՕ-ից, այնպես էլ՝ Ռուսաստանից»:

Տեսանյութեր

Լրահոս