«Լավ, մարդամեջ դուրս չեք գալիս, բայց գոնե ձեր սիրած Ֆեյսբուքում էլ չեք տեսնո՞ւմ ձեր հասցեին հայհոյանքի, անեծքի ու քննադատության գերդոզավորված չափաբաժինը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ ««Հարևան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել։ Ի՞նչ է պատահել։ Նախ՝ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջինիս առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, և որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Դրան հաջորդում է քայլածների իշխանության կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե իրենց վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը։ Զուգահեռ իրականությունում նույն օրը հայտնի դարձավ, որ պետական որոշ կառույցներում դարձյալ միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են ստացել։ Նախ՝ մի պարզ բան արձանագրենք։

Այս իշխանությունը հայոց պատմության մեջ առաջին հերթին կմնա որպես Հայաստանն ու Արցախը պատերազմի տարած ու այդ պատերազմում պարտված իշխանություն, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած իշխանություն, ապա և՝ կհիշվի որպես նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի և պատերազմի ժամանակ անամոթաբար պարգևավճար դուրս գրած ու ստացած իշխանություն: Ու այս ֆոնին է, որ նույն Ալեն Սիմոնյանն ասում է, թե իրենք մեղավոր են, որ որոշ մարդկանց Բենթլիներն ու դղյակները չհասցրին ԱԹՍ դարձնել։ Նկատո՞ւմ եք քաղաքական պատասխանատվության և բարոյականության ազատ անկումը։ Բենթլիներն ու դղյակները, ենթադրենք, չհասցրիք, հավատում ենք, բա տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևատրումները դարձնեիք:

Դրանք ուղղեիք ԱԹՍ-ների ձեռք բերմանը: Ինչևէ, առաջ անցնենք։ Ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 7-ին։ Իշխանությունը հրապարակեց մի տեքստ, որը մարտահրավեր է քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին ու հասարակությանն առհասարակ։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, սովորության համաձայն, լարում է իրավիճակը՝ պրոցեսները քաղաքական հարթությունից դուրս բերելու վտանգներով և ռիսկերով։ Քաղաքական ձեռագիր է, ինչ արած։ Ու դժբախտությունն այն է, որ իրավիճակի լրջությունն ու հետևանքները չեն հասկանում «ուսապարկերի խմբակցություն» ծաղրանունը ստացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Նրանք, փրփուրը բերաններին, ԱԺ միջանցքներում ստում են, երբ ասում են, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, ստում են, երբ ասում են, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, ու որ իրենց վարչապետն ամենաբարձ ռեյտինգն ունի: Ու այստեղ միանգամից հիշում ես մի քանի օր առաջ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելությունը, երբ նույն մարդը Նիկոլին բարևում և գովում էր սկզբում բակում, հետո շաուրմայանոցում, հետո էլի բակում, երբ պատահական բարևող անցորդ է ձևանում ոստիկանության բաժնի՝ քաղաքացիական հագուստով պետը, այնինչ այդ պահին նա պիտի լիներ համազգեստով ու ծառայության մեջ, քանի որ այդպիսին է կարգը։

Այսպես են երևի ալենսիմոնյանները որոշել, որ արտահերթ ընտրությունների հասարակական պահաջ չկա, և որ Նիկոլի վարկանիշը պատմական ռեկորդ է սահմանել։ Երևի «հակառեկորդ» պիտի ասեին: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ստելը, պոռոտախոսելն ու դատարկախոսելն այս քաղաքական ուժի կրեդոն է։ Սա ևս արձանագրենք ու անցնենք առաջ: Շոուի համար մետրոյով ու հեծանիվով երկու անգամ աշխատանքի գնացած, բայց իրականում տաք «պադավատներից» չիջնող, այլևս առանց «ախրաննիկների» նույնիսկ զուգարան չգնացող «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան են կտրվել իրականությունից ու հասարակությունից, որ մարդկանց ատելությունը, արհամարհանքն ու հակակրանքն իրենց նկատմամբ չեն տեսնում, կամ ձևացնում են, թե չեն տեսնում:

Ուղղակի զարմանում ես՝ լավ, մարդամեջ դուրս չեք գալիս, բայց գոնե ձեր սիրած Ֆեյսբուքում էլ չեք տեսնո՞ւմ ձեր հասցեին հայհոյանքի, անեծքի ու քննադատության գերդոզավորված չափաբաժինը։ Իհարկե, տեսնում եք, բայց հանուն մեկ օր ավելի իշխանության մնալու շարունակում եք քաղաքական բարոյականության ազատ անկումը»

Տեսանյութեր

Լրահոս