Գերմանիան մտադիր է COVID-19-ի սահմանափակումները երկարաձգել մինչև մարտի 14-ը
Կորոնավիրուսի պատճառով սահմանափակիչ միջոցառումները կարող են երկարաձգվել մինչեւ մարտի 14-ը: Այդ մասին հաղորդել է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով տարածաշրջանների ղեկավարների հետ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ փետրվարի 10-ի հանդիպումների փաստաթղթի նախագիծը: Ավելի վաղ տաբլոիդը հաղորդել էր, որ Մերկելը ցանկանում է Գերմանիայում լոքդաունը երկարացնել մինչեւ մարտի 1-ը:
Դրա հետ մեկտեղ, տաբլոիդի տեղեկատվությամբ, Մերկելը, ԳԴՀ-ի փոխկանցլեր Օլաֆ Շոլցը, Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը եւ Բեռլինի բուրգոմիստր (քաղաքագլուխ) Միխայել Մյուլլերը ցանկանում են վարսավիրանոցները բացել արդեն մարտի 1-ից: Նաեւ հանդիպմանը կքննարկվի մանկապարտեզների եւ դպրոցների բացումը: Ավելի վաղ ԳԴՀ-ի իշխանությունները երկրում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակիչ միջոցառումները երկարաձգել էին մինչեւ փետրվարի 14-ը: Գերմանիայում համազգային սահմանափակ լոքդաունը սահմանվել էր անցյալ տարվա նոյեմբերի 2-ին:
Ներկայում փակ են բոլոր հաստատությունները, բացի մթերային խանութներից, ոչ մեծ տնտեսական խանութներից, դեղատներից, օպտիկաներից, բանկերից, թերթի կրպակներից, փոստային բաժանմունքներից, զոոխանութներից, բուժհաստատություններից: Դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման: Հասարակական տրանսպորտում եւ խանութներում ձեռքով պատրաստված դիմակների կրումն արգելված է: Համավարակի տարածման տեսակետից վտանգավոր տարածաշրջաններից Գերմանիա ժամանելիս մարդիկ պարտավոր են COVID-19-ի կրկնակի թեստ հանձնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: