Բաժիններ՝

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից. ոստիկանություն

Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին բաժին է ներկայացել 25-ամյա մի երիտասարդ ու կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ հայտնելով, որ այն իր հետ բերել էր Արցախից։ Ագարակ քաղաքի 60-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձել է «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի և հրազենների 200-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել այգետնակում։

Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը, ինքնաձիգի 60 փամփուշտն ու պահունակները ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է Մալիշկա գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ։ Նրա հետ բացատրական աշխատանք են իրականացրել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներում։ Գավառում և Ծովազարդ գյուղում բնակվող երկու տղամարդ Գավառի բաժնում կամավոր հանձնել են «ՏՕԶ» տիպի հրացան, ինքնաշեն ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու փամփուշտներ։ Փետրվարի 5-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք։

Մեծ Մասրիկ և Ակունք գյուղերի երեք բնակիչներ բաժին էին բերել տարբեր տեսակի 6 նռնակ, ինքնաշեն ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ։ Ճամբարակի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արտանիշ գյուղի մի բնակիչ բաժնում հանձնել է կրակող սարք, «Ֆ-1» տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ։ Արտաշատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում մի քաղաքացի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ թողել էր պայթուցիչներով չորս նռնակ, 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահունակ ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վաղարշապատի, Ախուրյանի և Մուշի բաժիններում։ Բացատրական աշխատանքի արդյունքում բաժիններ են բերվել տարբեր տեսակի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր հրազենների և տրամաչափի, այդ թվում՝ խոշոր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս ուղղությամբ ոստիկանության ծառայողների միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս