«Ի վերջո, անհրաժեշտության դեպքում Նիկոլին սիրաշահելու հարյուր այլ բառեր կարելի է գտնել՝ խորոտ, վայելչատես, sexy, ճշմարտախոս և այլն… բայց ոչ լեգիտիմ»»․ Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էդմոն Մարուքյանը քիչ առաջ, ԱԺ-ում դիմելով Նիկոլ Փաշինյանին, իր խոսքում արձանագրեց, որ «…իշխանությունը լեգիտիմ է»:
Միանգամից ասեմ, որ լեգիտիմության մասին Էդմոն Մարուքյանի հնչեցրած տեսակետը հնացած է և չի արտացոլում իրականությունը՝ ո՛չ Հայաստանում առկա իրողություններն ու ո՛չ էլ քաղաքագիտական մտքի ժամանակակից ձեռքբերումները:

Մարուքյանն ու նույն տեսակետը միանգամայն այլ նպատակով հնչեցնող իմքայլականներն ի նկատի ունեն այն, որ 2018 թ. խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքը ստացել է քվեարկողների մեծամասնության վստահությունը, իսկ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել, ուստի դրա արդյունքում ձևավորված իշխանությունը լեգիտիմ կամ օրինակարգ է մինչև հաջորդ համապետական ընտրություններ:

Առանց գիտական ավելորդ հղումների պետք է արձանագրել, որ Մարուքյանի մոտեցումը հնացած ու մեր օրերում չաշխատող բնութագրում է: Իրականում լեգիտիմ է այն իշխանությունը, որը վայելում է հանրության վստահությունը: Իսկ թե ինչ է պատահել մեր երկրի հետ Փաշինյանի կառավարման արդյունքում՝ հայտնի է բոլորին: Անվիճարկելի է, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո կորցրել է բնակչության մեծամասնության վստահությունը: Ու այստեղ հակափաստարկ բերել, թե քանի դեռ ընտրություններ տեղի չեն ունեցել, դա ապացուցված համարել չի կարելի, քաղաքական խուժանություն է՝ ռաբիսություն:

Հետևաբար, իշխանության լեգիտիմությունը մեր ժամանակներում չափվում է ոչ թե ընտրություններում իշխանության ձևավորման օրինակարգությամբ ու օժտվում է կառավարման սահմանադրական ողջ ժամանակահատվածի համար, այլ այն, բառի բուն իմաստով, ամեն օր վերահաստատման կարիք ունի և անգամ մեկ որոշման արդյունքում կարող է իսպառ անհետանալ:

Առավել ևս ինֆորմացիոն մեր դարաշրջանում, երբ պատիկներով աքսելերացվել է ժամանակի ռիթմը: Ակնհայտ է, որ պետական կառավարման ու բանակցությունների ձախողման, պատերազմում պարտության ու կապիտուլյացիայի՝ Ազգային աղետի արդյունքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կորցրել է իր լեգիտիմության աղբյուրը՝ հանրության վստահությունը: Այս տեսակետի ամենազորեղ գլոբալ փաստարկը աշխարհում կառավարման խորհրդարանական ձևի լայն տարածումն է վերջին տասնամյակներում, որը հենց պայմանավորված է երեկ ու ամբողջ մանդատի ժամկետով ունեցած լեգիտիմության հանկարծակի կորստի դեպքում արտահերթ ընտրությունների կամ խորհրդարանում նոր մեծամասնության ձևավորման եղանակով պետությունները քաղաքական խորացող ճգնաժամերից հեռու պահելու և սահուն լուծումներ ապահովելու անհրաժեշտությամբ, ինչի ճկունությունը երաշխավորում է կառավարման հենց խորհրդարանակն ձևը:

Եթե Նիկոլ Փաշինյանը, պահելով ռազմական դրության ռեժիմը, օրինակ, չի գնում արտահերթ ընտրությունների, իսկ երկրում առաջիկա 25 տարիներին համապետական ընտրութուններ անգամ չեն անցկացվում, դրանից Փաշինյանի իշխանության էությունը չի փոխվում. արցախյան աղետով Նիկոլ Փաշինյանը կորցրել է մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունը՝ իր իշխանության լեգիտիմության միակ աղբյուրը: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն այլևս լեգիտիմ չէ, այլև դրա ճիշտ հակառակն է՝ ոչ լեգիտիմ է:

Հուսամ, որ Էդմոն Մարուքյանը, չունենալով իմքայլական պատգամավորների պարտադրանքը, այլևս երբեք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի բնորոշի իբրև լեգիտիմ:

Հ.Գ․ Ի վերջո, անհրաժեշտության դեպքում Նիկոլին սիրաշահելու հարյուր այլ բառեր կարելի է գտնել՝ խորոտ, վայելչատես, sexy, ճշմարտախոս և այլն… բայց ոչ լեգիտիմ»:

Տեսանյութեր

Լրահոս