Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի փակ պահել Հայաստանի սահմանը. Արա Այվազյան

ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում նոյեմբերի 10-ի հայտարարության ստորագրումից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած և որպես անկախ պատգամավոր գործող Գոռ Գևորգյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե որոնք են այսօր Հայաստանի առջև ծառացած իրական անվտանգային խնդիրները՝ հիշեցնելով փետրվարի 1-12-ը  Կարսում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական համատեղ  զորավարժությունները, ռուսական կողմից արված հայտարարությունը, թե Թուրքիան այլևս գործոն է Հարավային Կովկասում, և պետք է հաշվի առնել նրա կարծիքը, Սյունիքի շուրջ զարգացումները:

Հարցին պատասխանեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, համաձայնեց, որ նոր իրավիճակ է,  երկրի առջև կանգնած նոր մարտահրավերներ, միևնույն ժամանակ նշելով, որ կան նաև հնարավորություններ:

«Վիճակը, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է՝ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի, և դա հեշտ հարց չի, որովհետև սա աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր արտացոլումն է: Եվ, բնականաբար, որպես պետություն, որպես կառավարություն, որպես հասարակություն՝ մենք պետք է ձգտենք նախևառաջ բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաև Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը, և ես անցած անգամ նշել եմ, որ մեզ համար՝ դիվանագիտության համար նույնպես առաջնային խնդիրը եղել և մնում է  անվտանգության ամրապնդումը:

Անվտանգության ամրապնդումն ունի շատ տարրեր՝ սկսած ներքին անդորրի ամրապնդումից՝ մինչև շատ տարբեր հարթակներ: Եվ դրա մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ամրապնդումը: Բնականաբար, Դուք նշեցիք Կարսում հիմա տեղի ունեցող զինավարժության մասին և, անշուշտ, ցանկացած զինավարժություն մտահոգության առիթ է տալիս, և մենք մի կողմից՝ տեսնում ենք նման դրսևորումներ, մյուս կողմից՝ տեսնում ենք Թուրքիայի կողմից տարբեր մեսիջներ: Ես կարծում եմ, որ դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ինչ-որ ուղերձներ հասցնել, բայց հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ ես կարծում եմ՝ ժամանակն է եկել, որ մենք ուղղորդվենք ոչ թե մեսիջներով, ուղերձներով, այլ նախևառաջ՝ գործողություններով: Եվ վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և նախևառաջ խոսքը գնում է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը: Ինչպես գիտեք՝ շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»,- ասաց Արա Այվազյանը:

Արտգործնախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որպեսզի Հայաստանի անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար:

Արձագանքելով՝ Գոռ Գևորգյանն ասաց, թե նախարարը սահմանների ապաշրջափակումը դիտում է՝ որպես դրական երևույթ հեռանկարային առումով, բայց պատմաբան-միջազգայնագետի մասնագիտությամբ պատգամավորը շեշտեց մեր պատմական փորձը և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նշեց, թե սահմանների բացումը կարող է ավելի բարդ խնդրի առաջ կանգնեցնել մեզ՝ նկատի ունենալով, որ գործ ունենք Թուրքիայի հետ:

«Չեմ ասել՝ շրջափակման վերացումը կամ շրջափակումը դրական երևույթ է»,- ի պատասխան՝ ասաց Արա Այվազյանը՝ հավելելով, թե որպես պետություն՝ պետք է և՛ մարտահրավերներին դիմակայելու, և՛ հնարավորություններից օգտվելու պատրաստ լինենք:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս