
Շորժայում գրանցված երկրաշարժից հետո հետցնցումային ակտվիությունը գրեթե ավարտված է. մասնագետ

Փետրվարի 5-ին Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժից հետո, այսօրվա դրությամբ, արդեն հետցնցումային ակտիվությունը գրեթե ավարտված է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը նշեց՝ չի բացառվում, որ այդ նույն օջախում դրանք շարունակվեն թույլ սեյսմիկ ակտիվության տեսքով:
«Երկրաշարժը գրանցվել է, բնակչության մեծ մասը զգացել էր, անհանգստացել էր, սակայն այն ուժեղ չէր: Այն միջին ուժգնության երկրաշարժ էր, որը մեր տարածաշրջանի համար շատ բնական է»,- նշեց Մարգարյանը:
Օրինակ բերելով 1988 թվականի Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժը, մասնագետն ընդգծեց, որ նման դեպքերում հետցնցումային ակտիվությունը կարող է տարիներ տևել՝ ընդհուպ 2-4 տարի, կախված է օջախից: Նա հավաստիացրեց, որ Շորժայում գրանցված 4.7 մագնիտուդով գրանցված երկրաշարժը մեծածավալ չէր, քանի որ տևել է ընդամենը մի քանի օր: