Բաժիններ՝

ՌԴ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ չեն փոխվել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգման պայմանները

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգման հարցը նախկինի պես կախված է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադրությունից, ինչպես նաեւ Վրաստանի կողմից երկրի տարածքում ռուսաստանցիների անվտանգության ապահովման համար պայմանների կատարումից: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Ինչ վերաբերում է ավիահաղորդակցության վերականգնմանը, ապա բացի հայտնի սահմանափակումներից, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ, նախկինի պես գործում է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 287 հրամանագիրը «Հանցավոր եւ այլ հակազդումներից Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովման առանձին միջոցների մասին», որոնք սահմանվել են 2019 թվականի ամռանը վրացի արմատականների սադրանքների պատճառով: Սույն հրամանագրի վերացման պայմանները բազմիցս հնչեցվել են ռուսաստանցի պաշտոնատար անձանց կողմից»,- նշել է ՌԴ-ի փոխարտգործնախարարը:

Ռուսաստանի նախագահի հրամանագրով Ռուսաստանի ավիաընկերություններին 2019 թվականի հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելված է օդային փոխադրումներ իրականացնել Վրաստան: Հենց այդ օրվանից ուժի մեջ է մտել ՌԴ-ի տրանսպորտի նախարարության որոշումը Ռուսաստան Վրաստանի ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին: Ռուսաստանի իշխանություններն այդ քայլին են դիմել այն բանից հետո, երբ նույն թվականի հունիսի 20-ին Թբիլիսիում մի քանի հազար մարդ հակառուսական հանրահավաք էր կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ: Զանգվածային ակցիայի համար առիթ է ծառայել Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի եւ Ռուսաստանից Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի մյուս պատվիրակների մասնակցությունը, որն ընդունող կողմը կազմակերպել էր Վարստանի խորհրդարանի շենքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս