«Վահան Բադասյանը ռազմագերի է, և ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ»․ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է․ «Վահան Բադասյանը քաղբանտարկյալ է․․․ Քիչ առաջ իմ գործընկեր Իվետա Տոնոյանի հետ ԱԱԾ մեկուսարանում հանդիպեցինք Վահան Բադասյանին, ում դատարանը կալանավորեց Նիկոլ Փաշինյանին զենքով ոչնչացնելու սպառնալիքի համար։
Դատավորը կալանքը հիմնավորել է հադրութցի Վահան Բադասյանի՝ մշտական բնակության վայր չունենալու հանգամանքով։
Երեւի թե նման էքսքլյուզիվ որոշում կայացնող դատավորին ոչ մեկը չի տեղեկացրել, որ Արցախի 75 տոկոսը նոյեմբերի 10-ին դե յուրե հանձնվել է թուրքին ու Վահան Բադասյանի հայրենի Հադրութն էր՝ հետը։
Ես եւ «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերները, ինչպես նաեւ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սոֆյա Հովսեփյանը միջնորդութուն ենք ներկայացրել Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու, բայց այս դեպքում նման միջնորդության կարիքն անգամ չպիտի լիներ։
Վահան Բադասյանը, ով արցախյան բոլոր պատերազմների մասնակից է, եւ վերջին պատերազմի հենց առաջին օրից կռիվ է տվել Բայրաքթարների դեմ, ծանր վիրավորում է ստացել ու անզեն աչքով անգամ հստակ է, որ նրա ստացած վիրավորումն անհամատեղելի է կալանքի հետ։
Վահանը մարտին պետք է ենթարկվի եւս մեկ բարդ վիրահատության եւ նման ծանր վիրավորում ստացած մարդուն կալանքի տակ պահելը միջազգային բոլոր կոնվենցիաներով հստակ խոշտանգում է, ինչի մասին ես արդեն տեղեկացրել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։
Վահան Բադասյանը ռազմագերի է եւ ժամ առաջ պիտի լինի ազատության մեջ»։