Բաժիններ՝

«Ինձ բացարձակ հետաքրքիր չէ, թե ով ում հետ կապ ունի». ԿԳՄՍ նախարարը՝ Աբովյանի դպրոցում հովանավորչության մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աբովյանի թիվ 1 դպրոցում օրեր շարունակ տեղի ունեցող բողոքի ակցիային՝ ընդդեմ նորանշանակ տնօրենի:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հունվարի 22-ին այդ դպրոցում եղել է մրցույթ, որի հաջորդ օրն իրեն տեղեկացրել են, որ ժողովուրդ է հավաքվել՝ դպրոցականներ, ուսուցիչներ, լրագրողներ, ինչն իրեն զարմացրել է:

«Ուսուցիչները, աշակերտները նշում էին, որ եկել են պայքարելու անարդարության դեմ, և ո՞րն է այդ անարդարությունը, նրանք ասում էին, որ տնօրեն պետք է նշանակվի այն մյուսը, բայց ես չգիտեի՝ հարցին նոր էի ծանոթանում: Երբ ծանոթանում էի հարցին, այդ ընթացքում բազում հրապարակումներ եղան, պնդումներ, որ նախարարն արդեն ունի թեկնածու: Բայց երկու թեկնածուներից որևէ մեկին չեմ ճանաչել»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Հարցին՝ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն իրեն չէ՞ր ծանոթացրել այդ դպրոցում եղած խնդրի հետ, Վահրամ Դումանյանը պատասխանեց.

«Ոչ, Արայիկ Հարությունյանի հետ ես վերջին անգամ զրուցել եմ՝ չգիտեմ՝ երբ: Երբ ես ծանոթացա այդ խնդրին, 4/4 ձայներին, առաջին ցանկությունը, որ ինձ մոտ առաջացավ, ասացի, որ այդ ընտրությունը պետք է ճանաչել անվավեր, բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս»:

Ըստ նրա՝ ցույցեր, բողոքներ չպետք է լինեն դպրոցում, դպրոցի առաջին առաքելությունը պետք է լինի աշակերտին կրթելը:

Հաջորդ հարցին՝ այսօր շատ են խոսում դպրոցների քաղաքականացված լինելու և հովանավորչության մասին, այս առումով ի՞նչ ժառանգություն է ստացել, և Աբովյանի դպրոցի հետ կապված՝ նշվում է, որ տնօրենը ծանոթով է նշանակվել, Վահրամ Դումանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, որ որևէ մեկը որևէ մեկի հետ կապ ունի. «Ինձ բացարձակ հետաքրքիր չէ, թե ով ում հետ կապ ունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս