
«Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ուղղորդված քրեաքաղաքական հանձնարարականների շքերթը շարունակվում է…»․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ուղղորդված քրեաքաղաքական հանձնարարականների շքերթը շարունակվում է…
Մեր հավաստի տեղեկությունների համաձայն` հիմա էլ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն է լծվել Հայրապետյանների գույքի օրինականության ծագումնաբանությունը պարզելուն, ուստի օգտվելով առիթից` որպես Ռուբեն Հայրապետյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպան, հիշյալ վարույթով զբաղվող դատախազ Ա.Սարգսյանին միջնորդում եմ.
1. Խորությամբ` սկսած 1980 ականների կեսերից ուսումնասիրել Հայրապետյանների ընտանիքի կողմից տասնամյակներ շարունակ իրականացված ձեռնարկատիրական գործունեությունը,
2. Պարզել և նաև պարտադիր հրապարակային ներկայացնել, թե մինչ օրս Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից որքան հարկ է վճարվել պետական բյուջե,
3. Որքան շահաբաժին են ստացել Հայրապետյաններն օրինական ձեռնարկատիրական գործունեությունից,
4. Ընդհանուր առմամբ քանի անձ է աշխատել Հայրապետյանների ընկերություններում,
5. Որքան աշխատավարձ են ստացել այդ անձինք,
6. Որքան գումար է տրամադրվել բարեգործական նպատակներով և այլն…
Ակնհայտ է, որ այս հարցերից որևէ մեկի պարզելն ու հրապարակայնացնելը ձեռնտու չէ քաղաքական իշխանությանը և դա է պատճառներից մեկը, որ դատախազությունն ի թիվս այլնի` ձեռնամուխ է եղել ոչ թե իմ նշած հարցերի պարզմանը, այլ Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի չափը պարզելուն և դրանից ելնելով` քաղաքական իշխանությունների համար իբրև <<գործ անելու>> կեղծ օրակարգ ստեղծելուն…
Պարզ ասում եմ` իզուր ջանքեր են, թե գույքն է օրինական, թե եկամուտները… իսկ օրակարգը` կեղծ…
Եվ վերջում` արժե, որ հիշեցնեմ Աստծո 10-րդ պատվիրանի մասին. ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր…»։