«Պարոն Քոչարյանը կյանքում որևէ բան կիսատ չի թողել, եթե մտել է պայքարի մեջ՝ պայքարը հաջողությամբ ավարտվելու է». Աղվան Վարդանյան
Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրանց՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությանը:
«Նախ՝ այն, ինչ կատարվել է Հայաստանի շուրջ, Հայաստանում ու Արցախում, բնական է, որ անհրաժեշտ են փոփոխություններ, թե դա որ ճանապարհով կլինի՝ ժամանակը ցույց կտա: Իշխանությունը հերթական անգամ հրաժարվեց իր իսկ տված խոստումից, սա սովորական բան է: Նայեք ՀՀ սահմանադրությունը, Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, հետո նայեք «Իմ քայլի» նախընտրական ծրագիրը, հիմա այնտեղ որևէ բան իրականացրել են:
Իշխանությունը փորձեց փակել նաև սահմանադրական ճանապարհը, եթե այդ ճանապարհը փակում ես, լինելու են ցնցումներ, հանրային ճնշում․․․ այն, որ ասում են՝ հանրային պահանջ չկա, իրենց հերթական ստախոսությունն է»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերին արված հայտարարությունը, թե եկել է ժողովրդի վրեժի ժամանակը, Ա․ Վարդանյանը նշեց, որ բունկերում ասված խոսքն ավելի շուտ է իրականանում, հետևաբար՝ լինելու են ճնշումներ, իրավիճակի փոփոխություն, ինչն օր առաջ է լինելու:
«Այս երկիրը կործանել են, կործանման եզրին են հասցրել, և իրենք հեռանալու են, ինչպե՞ս, սիրով են հեռանալու: Դուք բոլորդ ծանոթ եք Հայրենիքի փրկության շարժման վերջին հայտարարությունից, վստահ եմ, որ առաջիկայում կլինեն նոր զարգացումներ, նոր մեթոդներ, շատ ավելի մեծ համախմբում և հանրության լայն շրջանակներ պահանջելու են այս մարդու հրաժարականը: Այս մարդը կամավոր չի գնում, բայց կուղարկենք՝ հանգիստ եղեք»,- հավելեց Աղվան Վարդանյանը:
Ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ էլ Աղվան Վարդանյանը նկատեց.
«Նայեք այսօրվա իշխանության, կառավարության կազմը, որոնց կոչում եմ բեսպիլոտնիկներ, քանի որ մեջը մարդ չկա, բայց անընդհատ վնաս են տալիս, կտեսնենք մարդիկ, որոնք պաշտոնների են գալիս, և նրանք նախկինների նախկինների նախկիններ են: Պարոն Քոչարյանի բոլոր հարցազրույցները, հայտարարությունները տեսել եք, դրանք համեմատեք այս «բանի» բունկերում արած հայտարարության հետ: Պարոն Քոչարյանը, իր խոսքերն եմ մեջբերում՝ կյանքում որևէ բան կիսատ չի թողել, վստահ եղեք, եթե նա մտել է պայքարի մեջ, այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում