
«Երկրում դեռևս ռազմական դրություն է, ցանկանում էի տեսնել՝ արդյո՞ք բոլոր պատգամավորներն էին զրահաբաճկոնով, սաղավարտներով». Աղվան Վարդանյան

Քաղաքական գործիչ Աղավան Վարդանյանն այսօր խորհրդարանում էր։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց՝ վաղուց խորհրդարանում չէր եղել և եկել էր մի քիչ շրջելու:
«Պատգամավորների 90 տոկոսին չեմ ճանաչում, հեռվից եմ հետևում, եկել եմ՝ տեսնեմ, շփվեմ: Մի քանի հոգու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, ԲՀԿ-ից ճանաչում եմ, բնական է, խոսքն «Իմ քայլի» պատգամավորների մասին է: Ի՞նչ կարող եմ ասել՝ մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի քանիսը՝ մեր հոգևոր մշակութային արժեքների հետ որևէ առնչություն չունեն, առնվազն ազդեցության գործակալներ են: 3-4 հոգի կան, որ մտքի, հումորի գիգանտներ են, ամեն մի խոսքը, արտահայտությունը շատ ուշագրավ է, նրանց մասին սփյուռքահայերն արևմտահայերենով ասում են՝ անուշադիր, իսկ արևելեհայերենով դառնում է՝ ապուշ: Մի զգալի մասն էլ լավ մարդիկ են, նորմալ հայ ընտանիքի երեխաներ են, մի քանիսի ծնողներին ճանաչում եմ, մի մասի՝ հայրիկներին, մի մասի՝ մայրիկներին: Իմ գործը հիմնականում այս շերտի հետ է, ինձ հետաքրքիր է այս տեսակի, հայ ընտանիքներում մեծացածների հոգեբանական վիճակը, մտորումները, թե ինչպես են այս իրավիճակում շարունակում ծառայել մեկ մարդու, որը երկիրը հասցրել է այս վիճակին»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ իր այցն ունի նաև մեկ այլ նպատակ.
«Քանի որ երկրում դեռևս ռազմական դրություն է, ցանկանում էի տեսնել՝ արդյո՞ք բոլոր պատգամավորներն էին զրահաբաճկոնով, սաղավարտներով: Միջանցքներում անսովոր, տարօրինակ լռություն է»:
Նա նաև նշեց, որ դեռ կշրջի խորհրդարանում, կխոսի վերջին կատեգորիային պատկանող պատգամավորների հետ.
«Կսպասեմ մինչև դասամիջոցն ավարտվի՝ կխոսեմ նրանց հետ, իսկ սրիկաների հետ շփվելու ցանկություն չունեմ»: