Բաժիններ՝

Փոքր թատրոնն առաջիկայում կվերականգնի սիրված ներկայացումներն ու կբեմադրի նորերը

Երևանի կոլորիտային թատրոններից մեկը՝ Փոքր թատրոնը, որը համավարակի պատճառով ստիպված էր երկար ժամանակով դադարեցնել գործունեությունը, թատերասերին կուրախացնի հին ու նոր ներկայացումներով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն ասաց, որ Փոքր թատրոնը 2020-ի ամանորյա ներկայացումից մինչև այս տարվա ամանորյա ներկայացումը պարապուրդի էր մատնված: Համավարակի պատճառով չէին կարողանում փորձեր իրականացնել, խաղալ բեմում, հանդիսատեսի ընդունել:

«Շատ դեպրեսիվ, կոտրված վիճակ էր, բայց որոշեցի, անկախ ամեն բանից, վերադառնալ բնականոն կյանքին ու հետաքրքիր ձևաչափով նեկայացում բեմադրել Նոր տարվա առթիվ: 15 հոգու համար ներկայացրինք «Թեյախմություն Ձմեռ պապի հետ» բեմադրությունը, որը շատ լավ արձագանք ունեցավ: Թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները տարվա սկզբին լավ տպավորություններ ստացան»,- նշեց Բադալյանը:

Նրա խոսքով՝ կիսատ թողած մի շարք ներկայացումներ կան, որոնք առաջիկայում վերականգնելու են: Բադալյանը տասը տարի առաջ հանդիսատեսի դատին էր հանձնել «Օֆելիայի ստվերների թատրոնը» ներկայացումը: Այն մեծ հաջողություն ունեցավ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Թատերասերները ռեժիսորին հաճախ են հարցնում, թե ե՞րբ է վերականգնելու այն: «Աշխատանքներն սկսեցինք նախորդ տարվա փետրվարին, բայց հայտնի պատճառներով վերականգնման գործընթացը կանգ առավ, հիմա կրկին գործի ենք անցել: Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ենք բեմադրություններ անելու: Թատրոնի ներառական պարային խումբը նույնպես մի աշխատանք սկսեց, որն այժմ ընթացքում է: Նախորդ տարի ավարտվեց Creative Europe ծրագրով ֆինանսավորվող ImPart ներառական թատերական նախագիծը, որն իրականացնում էինք Գերմանիայի, Իտալիայի և Հունաստանի գործընկերների հետ: Ավաղ, չկարողացանք ճանապարհորդել, և մեր ներկայացումները Գերմանիայում և Իտալիայում չեղարկվեցին: Հուսանք՝ այս տարի սահմանները կբացվեն, և կկարողանանք իրականացնել մեր ծրագրերը»,-ընդգծեց թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու հավելեց, որ շատ է հետաքրքրված ֆրանսիացի ժամանակակից մի քանի հեղինակների գործերով, որոնք գուցե բեմադրություններ դառնան:

Վահան Բադալյանը մտածում է նաև հայ դրամատուրգների պիեսները բեմադրելու մասին: Նշում է, որ կցանկանար անդրադառնալ մեր օրերում ստեղծագործող հեղինակներին, սակայն պիեսն իրեն պետք է ոգևորի, մտորելու, խորհելու առիթ տա: «Մատս զարկերակին եմ պահում, հետաքրքրվել, թե ինչ են գրում: Դեռ չեմ կարող ասել, որ գտել եմ այն դրամատուրգին, գրողին, որն ինձ այնքան է ոգևորել, որպեսզի բեմադրություն անեմ, բայց հավատացնում եմ, որ կան արձակագիրներ, որոնց գործերն ինձ գրավում են: Միանշանակ անդրադարձ կլինի»,- ընդգծեց նա:

Բադալյանը հետաքրքիր է համարում թատրոնի խաղացանկում ընդգրկված «Մի լքիր ինձ», «La Vie En Rose / Ուրիշ պարեր» ներառական ներկայացումները, որոնք ամբողջությամբ հիմնված են հաշմանդամություն ունեցող և չունեցող դերասանների հետ արված հարցազրույցների վրա: Մեր ժամանակակիցների խոսքերը դառնում են ներկայացման հիմք»,- եզրափակեց ռեժիսորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս