COVID-19-ի դասերը. ինչպես կշարունակի ԱՀԿ-ն աջակցությունը Հայաստանին. մանրամասնում է Եգոր Զայցևը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հայաստանի գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը 2020 թվականին կատարած իրենց աշխատանքներն արդյունավետ է գնահատում։ «Արմենպրես»-ը Զայցևի հետ զրուցել է նախորդ տարվանից սկսված COVID-19 համավարակի դեմ պայքարի, արցախյան պատերազմի ժամանակ կատարած աշխատանքների, պատվաստանյութերի ձեռքբերման և այլ հարցերի շուրջ։

– Պարոն Զայցև, նախորդ տարին ամբողջ աշխարհում բավականին ծանր էր և դժվարություններով լի: Այդ ամենը պայմանավորված էր հատկապես COVID-19 համավարակով: Հայաստանի առողջապահության համակարգն էլ ստիպված էր հաղթահարել այդ վարակը: Ձեր կարծիքով, այդ 1 տարվա ընթացքում ի՞նչ դասեր քաղեցինք:

– Մենք այս ընթացքում բավականին դասեր քաղեցինք: Կարծում եմ, որ կարևոր է եղել հաղորդակցությունը և ռիսկերի գնահատումը: Երկրորդ դասը, որ մենք քաղել ենք, եղել է այն, որ սովորել ենք պահպանել ամենատարրական անվտանգության կանոնները՝ դիմակ ենք դնում, ակլոգելով ախտահանում ենք ձեռքերը, ֆիզիկական հեռավորություն ենք պահպանում և այլն: Դասերը, կարծում եմ, բազմաթիվ են եղել, դրանցից մեկն էլ այն է, որ հիվանդությունը նոր էր, անհրաժեշտ էր տեղեկությունների արագ փոխանակում իրականացնել, ինչը նույնպես կարողացել ենք լուծել: ԱՀԿ-ն մի կազմակերպություն է, որն արագ հավաքում է բոլոր տեղեկությունները, արագ բաշխում է երկրների միջև և կարևոր է, որպեսզի այդ երկրներն օգտագործեն դա: Չորրորդ դասը, որ մենք քաղել ենք, այն է, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում և Հայաստանում՝ առողջապահության համակարգը պետք է ուժեղացված լինի: Խոսքը այդ համակարգի տարբեր գործառույթների մասին է, կարևոր է հասկանալ, որ պետք է ուժեղացնել կոորդինացնելու, ինչպես նաև առաջնային օղակին բուժօգնություն տրամադրելու դերերը:

– Ձեր գնահատմամբ՝ Հայաստանն ինչպե՞ս է դուրս գալիս այս իրավիճակից:

– Յուրաքանչյուր երկիր ունի իր հնարավորությունները, յուրաքանչյուր երկիր նման երևույթներին և դեպքերին արձագանքում է ելնելով սեփական հնարավորություններից: Ընդհանուր առմամբ, այս պահին մենք տեսնում ենք, որ համեմատաբար իրավիճակը կայունացել է, սակայն դեռ վաղ է վերջնական արդյունքի մասին խոսել, քանի որ հիվանդությունը դեռևս ամբողջ աշխարհում էլ չի նահանջել: Որպես կազմակերպություն, մենք փորձում ենք օգնել Հայաստանին տարբեր ճանապարհներով: Մենք 2 առաքելություն ենք իրականացրել, այլ երկրներից հատուկ խմբեր են ժամանել ՀՀ, որպեսզի կրիտիկական պահերին կարողանայինք օգնել խորհրդով, ինչպես նաև պրակտիկ օգնություն ցուցաբերել:

-Նախորդ տարի նաև Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սկսել, և Հայաստանում իրավիճակն ավելի էր սրվել: Այդ ժամանակահատվածում, ձեր կարծիքով ի՞նչ մարտահրավերներ էին առաջ եկել: ԱՀԿ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, ինչպե՞ս է աջակցել ՀՀ-ին:

-Պատերազմի ընթացքում շատ վնասվածքներ են ստացել և՛ խաղաղ բնակիչները, և՛ զինվորականները: Նման իրավիճակում ՀՀ առողջապահական համակարգի և բժիշկների համար սա մեծ մարտահրավեր էր: Դժվարություններից մեկն էլ այն էր, որ պատերազմը տեղի ունեցավ համավարակի ժամանակ, ինչը գործն ավելի էր բարդացնում: Մարդկանց այդքան մեծ շարժը, մոբիլիզացիան, շատ էր դժվարացնում առողջապահական տեսանկյունից անվտանգության կանոնների պահպանման հարցը: Հայաստանում կրկնակի բեռ կար՝ կորոնավիրուսային համավարակն ու այդ պատերազմը։ Այս ընթացքում մենք նաև աջակցել ենք, որպեսզի Առողջապահության նախարարությունը բժշկական օգնության փաթեթներ ձեռք բերի: Այժմ էլ դեռևս շարունակում ենք աջակցել, ծրագրեր կան, որոնք ուղղված են վերականգնողական բուժմանը, օրինակ՝ հոգեկան առողջության վերականգնմանը:

– ԱՀԿ-ն կարո՞ղ է աջակցել ՀՀ-ին՝ պատվաստանյութերի ավելի արագ և ավելի մեծ չափաբաժինների ձեռք բերման հարցում:

– Այս պահին ԱՀԿ-ի և Կառավարության միջև ակտիվ աշխատանքներ են կատարվում, ինչպես նաև այլ հետաքրքրված գործակալությունների հետ՝ UNICEF, Համաշխարհային բանկ և այլն։ Աշխատանքներն ընթանում են մի պլատֆորմի միջոցով, որը կոչվում է COVAX Facility, որն ասոցացվում է ԱՀԿ-ի հետ։ Ըստ ծրագրի՝ Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, ստանալու է պատվաստանյութեր։ ԱՀԿ-ն գլոբալ մակարդակում աշխատում է նաև այլ երկրների հետ։

-Համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստան են ժամանել շտապ բժշկական օգնության բրիգադներ, ինչը կազմակերպվել էր ԵՄ-ի և համապատասխան երկրների կառավարությունների հետ համագործակցության արդյունքում: Ինչպիսի՞ փորձ է ձեռք բերվել այդ այցելությունների ընթացքում:

– Շտապ բժշկական օգնության բրիգադները Հայաստան էին ժամանել Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից։ Այդ բրիգադներն ԱՀԿ-ի հովանու ներքո են, լիցենազավորված խմբեր են, որոնք կարող են իրենց երկրներից ժամանել մեկ այլ երկիր և այնտեղ օգնություն ցուցաբերել, կիսվել փորձով։ Կարևորությունը կայանում է նրանում, որ դրա շրջանակում օգնություն էր ցուցաբերվում ոչ միայն հիվանդներին, այլև բժիշկների և բուժքույրերի թրեյնինգ էր իրականացվում, ինչպես նաև վստահաբար կարող եմ ասել, որ անգամ նրանց գործողություններին հետևելով կարելի էր դասեր քաղել։ Հայաստանում նրանք եղել են Երևանի, նաև այլ քաղաքների բուժհաստատություններում։

-Գործընկերների հետ համագործակցության արդյունքում բերվել են թթվածնային խտանյութեր, ՊՇՌ թեստեր, ուլտրաձայնային հետազոտության ապարատներ և այլն: Նոր համագործակցություններ և նոր մատակարարումներ առաջիկայում սպասվո՞ւմ են:

– Ճիշտ եք, մեր համագործակցությունը եղել է EU DG NEAR նախագծի շուրջ, որի շրջանակում օգնություն է ուղարկվել և ուղարկվում ՀՀ: Այստեղ են բերվել տարբեր տեսակի սարքավորումներ, անհատական պաշտպանության միջոցներ և այլ իրեր, որոնք ուղղված էին կորոնավիրուսի բուժմանը։ Այս տարի էլ դեռ շարունակելու ենք այդ նախագիծը։

– Կարծում եք ձեր որդեգրած քաղաքականությունն այս ամբողջ ընթացքում արդյունավե՞տ է եղել:

– Այս հարցը պետք է վերլուծել, ուսումնասիրել այս հիվանդության վերջնական փուլում, երբ ամեն ինչ կավարտվի։ Կարծում եմ, մեր կազմակերպությունը պետք է քննադատորեն մոտենա իր կատարած աշխատանքներին, որպեսզի կարողանա հասկանալ թույլ և ուժեղ կողմերը։ 2020 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, մեր կատարած աշխատանքը բավականին արդյունավետ է եղել, սակայն, իհարկե, կան և եղել են որոշ խնդիրներ։

 

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Տեսանյութեր

Լրահոս