Բաժիններ՝

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Ալեքսանդր Մյասնիկյանի 135-ամյակին նվիրված ցուցադրություն

Խորհրդային պետական, հասարակական և ռազմական նշանավոր գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի այս փետրվարի 9-ին նշվող 135-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ցուցադրություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ֆեյսբուք»-ում Հայաստանի ազգային գրադարանի էջից։

«Այսօր խորհրդային պետական, հասարակական և ռազմական նշանավոր գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան օրն է (1886-1925թթ): Հենց նրա անունն է կրել Հայաստանի ազգային գրադարանը 1925-1990 թվականներին: Մյասնիկյանի հոբելյանի առթիվ Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում այսօր բացվել է ցուցադրություն, որտեղ ներկայացված են ինչպես Մյասնիկյանի կյանքի ու գործունեության մասին պատմող գրքեր, նրա մասին նյութեր պարունակող թերթեր, հանդեսներ, այնպես էլ գրքեր, որոնցում ամփոփված են տարբեր առիթներով նրա ելույթները, ճառերը, զեկուցումները, հոդվածներն ու նամակները:

Դեռ աշակերտական տարիներին Մյասնիկյանն աչքի է ընկել ընթերցասիրությամբ, ուսումնասիրել է հայոց պատմությունը, հայ և ռուս դասականների երկերը; Ուշագրավ է, որ նրա ամենասիրելի գրական հերոսը եղել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի Աղասին: Ողջ կյանքի ընթացքում Մյասնիկյանը մեծ աշխատանք է ծավալում երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու, հայ մտավորականությանը համախմբելու հարցում՝ ձգտելով նրանց համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ ստեղծագործական աշխատանք իրականացնելու համար: Ինքը՝ Մյասնիկյանը, հրատարակել է բազմաթիվ հոդվածներ՝ նվիրված հայ պոեզիայի դասականներին և հայոց գրերի գյուտի նշանակությանը»,- ասվում է գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս