Չի բացառվում. Մհեր Արմենիան՝ քաղաքականություն մտնելու մասին

«Կարծում եմ՝ հիմա Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամ է, ժողովրդի հոգեբանական վիճակը ծանր է, որովհետև գնալով ավելի է ուժեղանում այն մարդկանց ցավը, ովքեր կորցրել են իրենց զավակներին, հարազատներին»,- «Հայելի» մամլո ակումբում ասուլիսի ժամանակ ասաց երգիչ Մհեր Մեսրոպյանը (Մհեր Արմենիա):

Նրա խոսքով՝ վատ է նաև տնտեսական վիճակը:

«Թեկուզև  մեր ոլորտում, օրինակ, թույլատրված են միջոցառումները՝ 60-ից ավելի մարդկանց քանակով, բայց այդ թույլտվությունից կարծես շատ բան չի փոխվել: Մարդկանց՝ միջոցառում անցկացնելու ցանկության աճ չկա: Դժվար է պատկերացնել իսկական հայրենասերների, որոնք կուրախանան, կպարեն, երբ իրենց հարազատը զոհվել է  այս պատերազմում: Ես զրուցում եմ իմ կոլեգաների հետ, ունենում եմ հանդիպումներ, շատերը, նույնիսկ այն կոլեգաները, որոնք սատարել են այս իշխանություններին, հիասթափված են, հասկանում են, գիտակցում են և մեծ ցավ են ապրում: Չեմ կարող ասել, թե ինչու են նրանք արտագաղթում, բայց ես իմ օրինակով ապացուցում եմ, որ իմ հայրենիքից ոչ մի տեղ չեմ գնալու, ինչքան էլ դժվար լինի՝ պետք է մնանք, հաղթահարենք, փորձենք ամեն ինչ անել, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք: Կլինեն մարդիկ, որ դեռ սատարում են այս իշխանությանը, բայց հանրության մեծ մասը բացարձակ դեմ է: Երբ պատերազմի երկրորդ օրը Ֆեյսբուքի իմ  էջում հրապարակեցի մի խնդրանք, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահը՝ պարոն Քոչարյանը, պատերազմը կանգնեցնի, դարձա մեծ աղմուկի, հարվածների թիրախ: Կարծում եմ՝ բոլորս պետք է համախմբվենք գաղափարի շուրջ, պետք են նվիրյալներ»,- նշեց երգիչը:

Մհերն ասաց՝ իր մոտ ամեն ինչ տխուր է. «Ես միշտ ներկայացել եմ «Մհեր Արմենիա»՝ Հայաստան, ինձ ճանաչում են՝ որպես իմ երկրի արտիստ: Հայաստանն այսօր պարտված երկիր է, ժողովրդի վիճակը շատ վատ է, վիզը՝ ծուռ, ողնաշարը՝ կոտրված:

Ո՞նց պետք է լինի իմ վիճակը, իհարկե, շատ վատ: Մարդկանց երեսին ժպիտ չկա, ու մեր աշխատանքն ավելի է դժվարանում՝ պետք է ժողովրդին այդ սթրեսից հանել: Իմ կարծիքով՝ մշակույթի գործիչները պետք է համախմբվեն ու այս չար, կեղտոտ դաշտը վերացնեն իրենց ստեղծագործություններով:

Հարցին՝ կա տեղեկություն, որ հնարավոր է՝ ինչ-որ մի պահից մտնի քաղաքականություն, երգիչը պատասխանեց. «Չի բացառվում»:

Տեսանյութեր

Լրահոս