««Իմ քայլի» մի շարք ներկայացուցիչներ տեղյակ չեն եղել, որ նմանատիպ հայտարարություն է տարածվելու». Իվետա Տոնոյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ իշխանությունները երկրում ստեղծված ճգնաժամի և կրած պարտության համար իրենց մեղքն ընդունելու փոխարեն՝ փորձում են հերթական անգամ մեղավորներ փնտրել ու գտնել:
«Բնականաբար, ամեն անգամ սլաքներն ուղղում են ընդդիմության ուղղությամբ: Ես, իհարկե, կարող էի մտածել կամ հավատալ, որ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը կամ «Իմ քայլը» խմբակցությունը հիշողության հետ կապված խնդիրներ ունեն և պարզապես չեն հիշում, թե ինչ է խոսվել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի հետ կապված, մասնավորապես, թե ինչ հայտարարություններ են արել: Սակայն կարող եմ թարմացնել իշխանությունների հիշողությունը, որ կոնկրետ ԲՀԿ-ն նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են անցկացվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իվետա Տոնոյանը:
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի հետ կապված ունեն լուրջ վերապահումներ ու կասկածներ:
Նա նաև տեղեկացրեց, որ ընդդիմությունը շարունակելու է իր պայքարը և շարունակելու է ասել, որ ներկայիս իշխանությունը սպառել է իրավական, քաղաքական ամբողջ լեգիտիմության պաշարը, ուստի պետք է հեռանա:
«Տպավորություն է, որ այդ հանրային հարցումներն անցկացվել է Ադրբեջանում, և Ադրբեջանում հանրային պահանջ չկա Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով: Տեղեկություններ կան, որ «Իմ քայլի» մի շարք ներկայացուցիչներ տեղյակ չեն եղել, որ նմանատիպ հայտարարություն է տարածվելու»,- նշեց Իվետա Տոնոյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում