«ԱԺ փոխխոսնակը չի՞ հասկանում՝ ինչ է կորցրել Հայաստանի Հանրապետությունը՝ իրենց պատճառով». Կարեն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը միաժամանակ մի քանի սխալ է տեսնում «Իմ քայլը» խմբակցության տարածած հայտարարության մեջ, որտեղ ասվում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
««Լուսավոր Հայաստանը, խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը երբևիցե բացասական չի արձագանքել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման առաջարկին: Երկրորդ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ «Լուսավոր Հայաստանը» բազմիցս ասել է, որ անհրաժեշտ է անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ, որը հնարավորություն կտա դուրս գալ այն իրավիճակից, որում հայտնվել է երկիրը: Մենք խոսել ենք անցումային կառավարության ձևավորման մասին, դրա կարևորության և անհրաժեշտության մասին: Ինչ վերաբերում է հանրային պահանջին, ապա, իմ կարծիքով՝ հանրային պահանջ կա: Ձևակերպումը, թե՝ չկա հանրային պահանջ, ես չեմ համարում ճիշտ, կոռեկտ, որովհետև որևիցե իշխանություն չի հասցրել երկիրն այն իրավիճակին, ինչ որ հասցրել են վերջին իշխանությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց պատգամավորը՝ նշելով այն մարտահրավերները, որոնց առաջ գործող իշխանությունների պատճառով կանգնել է Հայաստանի Հանրապետությունը:
«Այս պահին մենք ունենք 520 կիլոմետրանոց բաց սահման, ունենք խնդիրներ՝ կապված բանակի համալրման հետ, ունենք անորոշ կարգավիճակով Արցախի Հանրապետություն, ունենք հսկայական կորուստներ, առաջին հերթին, մարդկային կորուստներ, տարածքային կորուստներ, և չմոռանանք այն հոգեբանական վիճակը, որում հայտնվել է հայ ժողովուրդն այս պարտության հետևանքով»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը չի բացառում, որ, երբ այսօր իշխանությունները հայտարարում են, թե չեն գնալու արտահերթ ընտրությունների, բայց պարզվի, որ երեք ամսից արտահերթ ընտրություններ են լինելու. «Այսինքն՝ այդքան հստակ պետք չէ ասել, որ չեն լինելու արտահերթ ընտրություններ, մանավանդ, երբ գործ ունենք մի քաղաքական ուժի հետ, որն այդքան էլ հետևողական չէ և անկեղծ չէ իր հայտարարություններում և գործողություններում: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության առարկություններին՝ ընտրությունների գնալու հետ կապված, ապա ես ձեզ հավատացնում եմ՝ եթե իշխանությունը 2.5 տարվա ընթացքում ինչ ուզել՝ արել է, որևիցե առարկություն չի ընդունել, և այս դեպքում էլ որևիցե առարկություն չէր ընդունելու: Այս դեպքում էլ կա մեղքը ուրիշի վրա բարդելու սկզբունքը՝ այն, ինչ միշտ անում է իշխանությունը»:
Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել էր. «Այս իրավիճակից դուրս գալը ցույց տվեց, թե թիմի ամրությունն ինչքան է: Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով՝ կարողացանք դուրս գալ այս վիճակից: Ես վստահ եմ, որ որևէ իշխանություն չէր կարողանալու նման պինդ իրեն պահել»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ 3-4 պատգամավոր կորցնելով՝ իշխանությունը ո՚՞ր վիճակից է դուրս եկել, կարողացել են գերիների՞ն վերադարձնել, Հայաստանի սահմաննե՞րն են ամուր պահել, Սյունիքից ամեն օր նոր տարածքներ չե՞ն զիջում, թե՞ Արցախը չեն հանձնել թշնամուն:
«Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ԱԺ փոխխոսնակը չի՞ հասկանում՝ ինչ է կորցրել Հայաստանի Հանրապետությունը՝ իրենց պատճառով, իրենց իշխանության պատճառով: Եկեք՝ մի կողմ թողնենք դավադրությունների տեսությունները և տեսնենք՝ իշխանությունն արե՞լ է ամեն հնարավոր բան, օրինակ՝ կազմակերպչական գործառույթն ապահովել է այնպես, որ մենք չպարտվենք։ Ես կարող եմ ասել՝ ոչ, որովհետև արդյունքը մենք տեսնում ենք՝ մենք պարտվել ենք: Իսկ այդ պարտության հետևանքը՝ 5000 կորած կյանքերն են, մեր տարածքներն են, Արցախի Հանրապետության 75 տոկոսն է և ՀՀ որոշակի տարածքներ են, որոնք այս պահի դրությամբ վիճելի են համարվում Ադրբեջանի հետ: Եվ այս պարագայում ի՞նչ է նշանակում՝ ամուր մնացինք և պահեցինք. իշխանությո՞ւնը պահելու գործում: Եթե իրենց խնդիրը իշխանությունը պահելն էր, ապա այո, իրենք պահեցին իրենց իշխանությունը, բայց թող լինեն ազնիվ և ասեն, թե ինչ գնով պահեցին իրենց իշխանությունը, ու դեռ հարց է՝ կպահե՞ն, թե՞ ոչ, որովհետև իրենց ամեն մի օրը, որ հետաձգում են, չեն փորձում ժողովրդի հետ հաշվի նստել, խոսում են անընդհատ ժողովրդի անունից՝ տեղյակ չլինելով՝ ինչ է կատարվում իրականում, կարող եմ ասել, որ բերելու է ավելի վատ հետևանքների»,- ի պատասխան՝ ասաց պատգամավորը:
Կարեն Սիմոնյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են այլընտրանքներ չթողնել ընդդիմության համար. «Բայց ես էլի եմ գտնում, որ օրինական գործընթացները պետք է մնան օրինական, և որևիցե դեպքում չպետք է շեղվել այդ ճանապարհից: Անօրեն ճանապարհով օրենքի պետություն չեն սարքում»:
Հարցին՝ փողոցային պայքարն օրինական ճանապարհ է, իրենք դարձյա՞լ մերժում են այդ ճանապարհը, նա պատասխանեց.
«Դա էլ չպետք է բացառել, դա էլ է նորմալ գործընթաց: Որոշակի պահի ես դա էլ չեմ կարող բացառել, եկեք չբացառենք, որովհետև քաղաքականության մեջ գործընթացներ են տեղի ունենում, օր օրի ինչ-որ բան է փոխվում, ի՞նչ գիտեք՝ ինչ կարող է փչել իշխանությունների խելքին վաղը, ինչ կարող են անել և ինչ փաստի առջև մեզ դեռ կկանգնեցնեն, և բացառել որոշակի պայքարի ձևեր՝ օրենքի շրջանակներում, մենք չենք կարող»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում