Փաշինյանը տեսավ, որ իր այս պահին ունեցած ռեյտինգով չի կարողանալու մեկ օր ավելի մնալ իշխանության. Նարեկ Սամսոնյան
«Ընդդիմադիրները, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների մասին խոսել է իրենց ճնշումների պատճառով՝ այդ մարդիկ խորը մանկական մոլորության մեջ են, դա քաղաքական դալտոնիզմի հետևանք է»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունն արեց պարզ պատճառով, առաջինն այն էր, որ խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ օրակարգը փոխեց:
«Ըստ էության, կրքերը հանդարտվեցին, մարդկանց մոտ առաջացրեց սպասում՝ քաղաքական ճանապարհով խնդրի լուծմանը գնալու, և մեծ լարվածությունը թուլացավ դրանով: Եղան քաղաքական ուժեր, որոնք հայտարարեցին, որ մասնակցելու են քաղաքական ընտրությունների, ավելին, սկսեցին հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Որևէ իրական ընդդիմադիր քաղաքական առաջորդ, թիմ չի հայտարարել, որ մասնակցելու է Նիկոլի արտահերթ ընտրություններին: Անգամ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որը սխալ մեկնաբանվեց, այն մասին էր, որ, այսպես թե այնպես, Նիկոլ Փաշինյանին ճանապարհելու ենք, բայց, եթե անգամ ստիպված լինենք իր օրոք անել ընտրություններ, մենք կմասնակցենք ու կկրենք: Մյուսն այն էր, որ Նիկոլը մտածում էր, եթե ստիպված լինի գնալ արտահերթ ընտրությունների՝ գնալու է իր պատկերացրած օրակարգով: Իրենք ինտենսիվ հարցումներ էին անում, և Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ իր այս պահին ունեցած ռեյտինգով չի կարողանալու մեկ օր ավելի մնալ իշխանության»,- հավելեց նա: