«40 համայնք ենք գնացել, մենք բոլորս ունենք մեր չափման միավորը». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանության կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններից հրաժարվելուն:
Նա նախ մեղադրեց լրագրողներին, թե ինչու միկրոֆոնը չեն վերցնում, ու գնան ընդդիմությանն ասեն, որ գուցե ինչ-որ մեկն ուզում է Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվի վարչապետ, ինչո՞ւ են Վազգեն Մանուկյանի թեկնածությունն առաջադրել:
Ապա հավելեց, թե ինչո՞ւ են 10 հոգով մտել սենյակ ու որոշել, որ Վազգեն Մանուկյանին պետք է առաջադրել միասնական վարչապետի թեկնածու:
Լրագրողների հակադարձմանը, թե կարող է հետևել լրատվամիջոցների հրապարակումներին, որ լրագրողները ցանկացած հարց տալիս են Վազգեն Մանուկյանին ու ընդդիմությանը, Ալեն Սիմոնյանը նկատեց.
«Ավելի շատ, քան ես, որևէ մեկը չի հետևում լրագրողների աշխատանքներին: Դուք՝ լրագրողներդ խոսում եք հակասահմանադրականությունից, Ձեզ համար կարևոր է, որ դնեք լավ վերնագիր, որի մեջ կա սպառնալիք կամ վիրավորանք, որպեսզի մարդկանց հնարավորինս ջղայնացնենք: Ես լրագրողներին լավ եմ վերաբերվում, բայց նրանք իրենց պատասխանատվության բաժինը պետք է ընդունեն»:
Ըստ նրա, արտահերթ ընտրությունների չգնալու հարցում խնդիրն ընդդիմության կարծիքը հաշվի առնելու կամ չառնելու մեջ չէ.
«Մեզ համար ամենակարևորը ժողովրդի կարծիքը հաշվի առնելն է, այսօր որոշակի քաղաքական գործիչներ, որոնք ներկայացնում են, թե իրենք իբր ընդդիմություն են, շատ ավելի քիչ կապ ունեն ՀՀ ժողովրդի հետ, քան որևէ մեկը: Ընդդիմությունն արտահերթ ընտրությունների պահանջ չունի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
Նա նաև շեշտեց՝ մինչև հունիս արտահերթ ընտրությունների թեման փակված է:
Հարցին՝ ինչպե՞ս են չափել, որ հանրությունն արտահերթ ընտրությունների գնալու պահանջ չունի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «40 համայնք ենք գնացել, մենք բոլորս ունենք մեր չափման միավորը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում