«ԱԱԾ-ն Փաշինյանին տրամադրել է տեղեկատվություն, որից վախեցած հրաժարվել է ընտրություններից»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ընդդիմությունը շարունակում է պնդել, որ անիմաստ է Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

«Եթե Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս, որ ամենահասարակ առիթներով ուժային կառույցներին օգտագործի ժողովրդի դեմ, ես պատկերացնում եմ, թե նա ինչ վայրագությունների հանձնարարություններ է տալու ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունն անմահացնել: Նիկոլ Փաշինյանը որոշ մարդկանց ելույթներից, գնահատականներից այնքան վախեցած է, որ անգամ ուժային կառույցներն օգտագործելու ունակությունը գիտակցելով՝ հասկացել է, որ իր հանրային վարկանիշն այնքան ցածր է, որ ուղղակի խուսափեց ընտրություններից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով իշխանությունների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելու մասին:

Պատգամավորը վստահ է, որ ընտրությունների պարագայում Նիկոլ Փաշինյանը կդիմի ընտրակեղծիքների, քանի որ առանց դրա նա չի կարող դառնալ իշխանություն: Ավելին՝ եթե Նիկոլ Փաշինյանին պաշտպանող և հանրությանը վիրավորող ֆեյքերը չլինեն, ապա նա առհասարակ վարկանիշ չի ունենա:

«Մենք չենք ունեցել անպիսի ղեկավար, որը վախենալով՝ անձրևանոցների տակ, զրահապատ մտնի Եռաբլուր, մենք չենք ունեցել նման ղեկավար․ նա միակ ղեկավար կոչեցյալն է, որ Եռաբլուր է մտնում փախնելով: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանին տրամադրել է տեղեկատվություն, որից վախեցած՝ հրաժարվել է ընտրություններից»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը և մանրամասնեց, որ այդ տվյալները վերաբերել են Նիկոլ Փաշինյանի ցածր վարկանիշին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս