ԱՄՆ-ում սրընթաց կերպով տարածվում է կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէն. գիտնականներ

Կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակը, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, սրընթացորեն տարածվում է ԱՄՆ-ում եւ կարող է երկրում գերակշռող դառնալ մինչեւ մարտ: Դա հետեւում է այն հետազոտությունից, որի նախահրապարակումը զետեղվել է medRxiv-ի կայքում։ Հետազոտությունը, որն անցկացրել է ավելի քան 50 աշխատակիցներից բաղկացած խումբը՝ Կալիֆոռնիայի համալսարանից, Արիզոնայի համալսարանից, Helix ընկերությունից, Scripps Research Institute հետազոտական կենտրոնից, դեռ չի գրախոսվել:

«Ամբողջ աշխարհում B.1.1.7 հիմնամանրէի հանկարծակի եւ արագ տարածման պատճառով մենք ձգտել ենք հասկանալ ԱՄՆ-ում այդ տարբերակի տարածվածությունն ու (տարածվածության) դինամիկան»,-հայտնում են հետազոտողները: «Մենք պարզել ենք, որ B.1.1.7-ը ԱՄՆ-ում հայտնվել է 2020 թվականի նոյեմբերի վերջերին, 2021 թվականի հունվարին այն տարածվել է ԱՄՆ-ի առնվազն 30 նահանգներում: Մենք հայտնաբերել ենք, որ B.1.1.7-ը 35-45 տոկոսով ավելի շատ է տարածվում ամբողջ երկրում (քան մյուս տարբերակները)»,-հայտնում են հետազոտության հեղինակները: Նշվում է, որ մինչեւ 2021 թվականի մարտ ամիս B.1.1.7 հիմնամանրէն կարող է գերակշռող դառնալ կորոնավիրուսի բոլոր այն հիմնամանրէների շրջանում, որոնք տարածվում են երկրում, ինչը կարող է հանգեցնել վարակման դեպքերի եւ, որպես հետեւանք, մահվան դեպքերի հերթական կտրուկ աճի:

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը գտնվում է նույնպիսի հետագծում, ինչպես եւ մյուս այն երկրները, որտեղ B.1.1.7-ն արագորեն գերակշռող է դարձել SARS-CoV-2-ից, այն անհապաղ եւ վճռական գործողություններ է պահանջում COVID-19-ի հիվանդացությունը եւ մահացությունը նվազեցնելու համար»,-ընդգծում են գիտնականները: 2020 թվականի դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է մեծ արագությամբ եւ բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս