Հաջորդ կայարանը՝ փողոց: Ինչի՞ց վախեցավ Փաշինյանը

2020թ. դեկտեմբերի 25-ին՝ Նիկոլ Փաշինյանի՝ 44 օր տևած խայտառակ պատերազմի արդյունքում նոյեմբերի 10-ին կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելուց հետո՝ պատերազմի ավարտից 45 օր անց, իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ ժողովրդի առաջ կանգնելու և ժողովրդի առաջ պատասխան տալու իր քաղաքական թիմի ու իր անձնական հանձնառությունը նկատի ունենալով, և քանի որ չի կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից իրեն հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ, համարում է, որ այդ պաշտոնի և երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ:

«Պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եվ վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ։

Նաև պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։

Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»,- մասնավորապես գրել էր Փաշինյանը:

Ըստ էության նրա ծրագիրն այն էր, որ խորհրդարանական ընդդիմությանը ինչ-ինչ առարկայական խոստումներով բերի իր դաշտ, համոզի մասնակցել իր կազմակերպած ընտրություններին՝ դրանով իսկ կիսել տալով իր ունեցած միանձնյա պատասխանատվությունը պատերազմի ելքի վերաբերյալ: Եվ առաջին հերթին՝ ամենակարևոր նպատակը իր իշխանության պահպանումն է:

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները խայծը կուլ չտվեցին: Թե Էդմոն Մարուքյանի, և թե Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները տևել էին տառացիորեն րոպեներ, քանի որ երկուսն էլ անհնարին էին համարել արտահերթ ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ: Փաշինյանն էլ իր հերթին՝ չէր համաձայնել այլ տարբերակով ընտրություն կազմակերպել, քանի որ վստահ չէր, որ այլ թեկնածու առաջադրելու դեպքում իր թիմից աջակցություն չի լինի նրան:

Խորհրդարանական ընդդիմության հետ չկարողանալով պայմանավորվել՝ Նիկոլ Փաշինյանը սկսեց հանդիպել մարդ-կուսակցությունների՝ Լևոն Շիրինյանի, Գուրգեն Արսենյանի, Արամ Զավենի Սարգսյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներկայացնող Սուրեն Սահակյանի հետ, զուգահեռ բանակցություններ վարել Արման Բաբաջանյանի և այլ անձանց հետ, ովքեր ունեն կուսակցություն: Նրանք բոլորը հավատարմության երդում տվեցին երկիրը կրախի առջև կանգնեցրած անձնավորությանը՝ հույս ունենալով մի երկու մանդատ պոկել ապագա Խորհրդարանում:

Եվ թեպետ հետագայում խորհրդարանական ընդդիմությունը մտածում էր, որ ամեն դեպքում պետք է մասնակցել ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին թույլ չտալու համար վերարտադրվել, կամ գոնե դեռ հստակ չէր կողմնորոշվել իր հետագա քայլերի հարցում, իսկ քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող Հայ հեղափոխական դաշնակցությունն ու Հայաստանի հանրապետական կուսակցությունը միանշանակորեն հայտարարեցին, որ չեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ չլեգիտիմացնելու համար վերջինիս իշխանությունը, ինչ-որ պրոցեսների իմիտացիա, ամեն դեպքում, տեղի էր ունենում:

Նիկոլ Փաշինյանը նոր բան էր մտածել՝ Խորհրդարանի ինքնալուծարում՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով, որի դեպքում ինքը կմնար իր կարգավիճակում, կկազմակերպեր խորհրդարանական ընտրություններ ու, ըստ իրեն, հաջողությամբ կվերարտադրվեր, սակայն այստեղ էլ «քաշեց» պատերազմից հետո նոսրացող իր թիմի թվաքանակը: Սահմանադրության այդ հոդվածը փոխելու  համար անհրաժեշտ ձայներ Փաշինյանը չուներ:

Ակնհայտ է, որ առանց հատկապես ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասնակցության՝ լուրջ քաղաքական գործընթացներ տեղի չեն կարող ունենալ, քանի որ այդ կուսակցությունները՝ թե իրենց մարդկային ռեսուրսներով, մարզային կառույցներով, և թե քաղաքական կապիտալով, լուրջ դերակատարներ են, և բնական է, որ առանց նրանց գոնե համաձայնության՝ ՀՀ-ում իշխանություն չի կարող ձևավորվել:

Բայց Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերը մի վայրկյանում խառնվեցին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախ՝ հայաստանյան, ապա՝ ռուսական մեդիային տված հարցազրույցներով, որոնցով նա ազդարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին՝ նշելով, որ մասնակցելու և հաղթելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Եվ եթե հայաստանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցից հետո իշխող ուժը փորձեց ինչ-որ կերպ պահել հավասարակշռությունը, Մոսկվայում «Սպուտնիկ» միջազգային գործակալությանը տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը  սահեցրեց Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակի հողը: Ու եթե դրան գումարենք նաև այն վարկածը, որ ամենշաբաթյա պարբերականությամբ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ փաշինյանական վարկանիշի չափումներն անմխիթար պատկեր են արձանագրել, կտավն ամբողջանում է:

Այս պարագայում, բնականաբար, Փաշինյանին ընտրություններ պետք չեն, ու երեկ հայտարարվեց, որ դրանք չեն կայանալու:

«Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես հայտնել էր, որ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված էր հայտարարության մեջ:

Անհասկանալի է, իհարկե, թե «հասարակության լայն շերտեր» ասելով՝ իշխանություններն ում նկատի ունեին, քանի որ ողջ երեկո ու գիշեր ստիպված էին իրենց պաշտոնական էջերից մաքրել նրանց արձագանքը, ու նաև պարզ է, որ այդ ընտրությունները կկայանան այն ժամանակ, երբ կոնկրետ արտաքին խաղացողը դա ցանկանա, բայց իմքայլականների նախանձելի ինքնավստահությունն այլ իրողության առաջ է կանգնեցնում հայ հասարակությանը:

Բացառելով ընտրությունների տարբերակը՝ Նիկոլ Փաշինյանն ըստ էության չեղարկում է խնդիրը սահմանադրականության դաշտում լուծելու տարբերակները, և այս պահից հարցի լուծումը տեղափոխելով փողոց՝ լեգիտիմացնում է ցանկացած հակասահմանադրական գործընթաց:

Տեսանյութեր

Լրահոս