«Փաշինյանը վախեցավ Ռոբերտ Քոչարյանի ելույթից». Քաղաքագետ

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հայտարարությունը մեծ բլեֆ էր ու խաբկանք, որով հասարակությանը խաբեց՝ փորձ կատարելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը մեղմել։

«Հիմա Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մտածում են, որ մարսել են կապիտուլյացիան, և փորձելու են ամրապնդել իրենց դիրքերը՝ զավթելով դատական իշխանությունը և Հայաստանում հաստատելով ֆաշիզմ։ Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը որևէ ցանկություն չի ունեցել գնալ  ընտրության, այստեղ խնդիրը հետևյալն էր՝ նա նախ վախեցավ Ռոբերտ Քոչարյանի ելույթից, ինչպես նաև, որքանով հասկանում եմ, իշխանությունը լավ հասկանում է թե ինչ վարկանիշ ունի հանրության շրջանում։  Լավագույն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 20-25 տոկոս է, իսկ այս վարկանիշով գնալ ընտրությունների, մեղմ ասած, այդքան էլ չեն ցանկանում։ Նիկոլ Փաշինյանը վերջում «քցելու» է իր թիմակիցներին և մի քանի հոգու հետ ճողոպրելու է երկրից ՝թիմակիցներին դարձնելով քավության նոխազ»,- 168.amի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանի բնորոշմամբ, Ռոբերտ Քոչարյանին մեծ քաղաքականություն վերադարձրեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր կարճամիտ քայլերի արդյունքում։ Փորձելով Ռոբերտ Քոչարյանին դարձնել Մարտի 1-ի քավության նոխազ, չէր հաշվարկել, որ այդ ամենը կարող է հակառակ արդյունքը տալ։ Բացի այդ,  Ռոբերտ Քոչարյանի դիրքերն է՛լ ավելի ամրապնդվեցին Արցախում իշխանության կրած պարտությունից հետո։

«Ռոբերտ Քոչարյանի շանսերը բավականին բարձր եմ գնահատում, որովհետև ամեն դեպքում, ինչ էլ նրան վերագրեն, ինչում էլ մեղադրեն, հասարակությունը շատ լավ հիշում է, որ նրա օրոք լավ է ապրել, ամենակարևորը՝ Քոչարյանին հաջողվել էր բալանսավորել և կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարել։ Հաջողվեց ԱՄՆ-ից Հայաստան բերել այնպիսի ծրագրեր, ինչպիսին է, օրինակ, «Հազարամյակների մարտահրավերները», այս ժամանակ ներդրումներ արեց ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քրքորյանը։ Հայաստանից ամենաքիչ արտագաղթը եղել է Ռ. Քոչարյանի կառավարման տարիներին, աղետալի տնտեսությունը սկսել է վերականգնվել այդ ժամանակ։ Այո, ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում Քոչարյանի կառվարման տարիներին եղել են նաև բացասական երևույթներ, ինչը շատ նորմալ է։ Թալանի մասին են խոսում և վկայակոչում են դեղին, իսկ ավելի ճիշտ՝ նարնջագույն մամուլին»,- շեշտեց Գ. Համբարյանը։

Միևնույն ժամանակ՝ նա ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին մասնակցելու դեպքում կստանա միջազգային հանրության աջակցությունը, հիշեցնելով, որ Երկրորդ նախագահը ՌԴ նախագահի մտերիմ ընկերն է, և ՌԴ-ն բազմիցս է Նիկոլ Փաշինյանի նման թերուսին հասկացրել, որ Քոչարյանից հեռու մնա։

«Նիկոլ Փաշինյանը ցույց էր տալիս, թե այս ընթացքում չէր հասկանում ՌԴ-ից եկող մեսիջները և իր տգետ կեցվածքով ամեն ինչ անում էր, որպեսզի վատթարացներ հայ-ռուսական հարաբերությունները՝ բացահայտ քաղաքական հետապնդման ենթարկելով Ռոբերտ Քոչարյանին»,- հավելեց նա։

Քաղաքագետը նաև նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է իր իշխանության մնալու ժամանակը երկարաձգելու համար, որի համար էլ այսօր նա նպատակ ունի դատարաններն անել իրենով և իր կամակատար դատավորներով դրանք լցնել։

«Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իր սորոսաարևմտյան դեսպանատներից հովանավորվող թիմով ղեկավարել երկիրը, ապա այն անպայման արձագանք կստանա համապատասխան կենտրոններից՝ իր բոլոր բացասական հետևանքներով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար։

Նիկոլը պարտությունից հետո փորձել է թատերական ներկայացումների, ռակիրովկաների միջոցով հանրությանը համոզել, որ մեղավորները պատժվում են, նախարարներ է փոխում, չգիտես ինչեր է անում, բայց իրականում քողարկում է, որ այդ պարտության միակ մեղավորը հենց ինքն է։ Նիկոլ Փաշինյանը եկել էր Արցախի պատերազմը սանձազերծելու հետևյալ կարգախոսով՝ չկա Արցախ, չկա ՌԴ ներկայություն ՀՀ-ում, բայց ինչպես տեսանք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և Ռուսաստանը շատ արագ խաղաղապահներ մտցրեց Արցախ, որին Նիկոլ Փաշինյանը չէր սպասում։

Այժմ այս առումով Նիկոլ Փաշինյանի բոլոր խաղաքարտերը խառնված են, նրան Հայաստանում վարչապետի աթոռին կարգած կենտրոնները փորձում են ամեն կերպ նրան պահել այդ աթոռին, որպեսզի կարողանան իրենց քաղաքականությունը շարունակել մեր տարածաշրջանում, որի գլխավոր նպատակը ՌԴ-ի դուրսմղումն է տարածաշրջանից ամբողջությամբ»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Տեսանյութեր

Լրահոս