Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի Գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը: Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Ազգային ժողովին եմ ներկայացրել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը՝ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար: Սա համարում եմ կարևոր կադրային որոշում՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի առանցքային դերը իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում»,- գրել է Հարությունյանը:

Արցախի նախագահը վստահություն է հայտնել, որ Ներսիսյանն ընտրվելու դեպքում շոշափելի բարեփոխումներ կապահովի իրավապահ համակարգում և կկարողանա որակական նոր մակարդակի բերել քրեական արդարադատությունը:

«Հիմք ընդունելով Գուրգեն Ներսիսյանի անցած ճանապարհը, ավելի քան 12 տարվա դատախազական և 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձը, նրա մասնագիտական ու մարդկային որակները, արհեստավարժ, սկզբունքային ու սրտացավ մոտեցումները առկա հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպես նաև նրա զգալի վաստակը 2016թ. և 2020թ. Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների փաստագրման գործում՝ վստահ եմ, որ Ազգային ժողովի կողմից ընտրվելու դեպքում նա շոշափելի բարեփոխումներ կապահովի իրավապահ համակարգում և կկարողանա որակական նոր մակարդակի բերել քրեական արդարադատությունը»,- նշել է Արցախի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս