Բաժիններ՝

Ասում են՝ մինչև մարտ երևի կկարողանանք մնալ հյուրանոցում, իսկ հետո չգիտեմ, թե ինչ ենք անելու. հադրութցի

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հայաթափված ու Ադրբեջանի կողմից օկուպացված գյուղերից է նաև Հադրութի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հյուսիս-արևելք՝ Արևասար լեռան ստորոտին գտնվող Ակնաղբյուր գյուղը:

Բնակիչներից Վերա Սարդարյանն ասում է՝ չէին հավատում, որ կկորցնեն հայրենի հողը, մտածել են՝ 2016թ. քառօրյա պատերազմի նման է, արագ կավարտվի, սակայն, ցավոք, լուծումը շատ ավելի վատ է եղել, քան կարող էին պատկերացնել:

«Մտածում էինք՝ մի քանի օրից հետ ենք վերադառնալու մեր գյուղ, բայց պարզվեց՝ հնարավոր չի լինելու: Գյուղից երեխայի հետ դուրս եմ եկել հոկտեմբերի 1-ին, իսկ ընտանիքի մյուս անդամները հոկտեմբերի վերջին են եկել: Ես նորմալ հասել էի տեղ, բայց  սկեսուրս գրեթե 2 օր ճանապարհ է եկել, քանի որ դրությունը վատ է եղել, մի կերպ են կարողացել դուրս գալ: Երբ եկանք՝ ապրում էինք բարեկամի տանը՝ Նոր Գեղիում, հետո գնացինք Նորակերտ, իսկ այս պահին պետության օժանդակությամբ 8 հոգանոց մեր ընտանիքն ապրում է Ծաղկաձորում:  Ասում են՝ մինչև մարտ երևի կկարողանանք մնալ այստեղ, իսկ հետո չգիտեմ, թե ինչ ենք անելու: Ակնաղբյուրում ունեինք մեր սեփական տունը, զբաղվում էինք հողագործությամբ, անասնապահությամբ: Ամեն ինչ մնաց թշնամուն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վերան:

Նա հայտնեց, որ ունի  6 ամսական տղա երեխա, ունեն մանկական տակդիրի կարիք:

«Տղաս արդեն 6 ամսական է: Շատ ունենք հիգիենայի պարագաների կարիք: Մանկական տակդիր, օրինակ, միշտ չէ, որ լինում է, հաճախ նաև գնում ենք: Պետք է նաև գարնանային հագուստ»,- նշեց Վերան:

Ընտանիքը ստացել է նաև կառավարության կողմից ցուցաբերվող սոցիալական աջակցության 300.000-ական դրամները:

Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն՝ չգիտեն, թե երբ կգնան Արցախ, ասաց՝ կախված է իրավիճակի վերջնական կայունացումից: Օգնել հնարավոր է՝ կապ հաստատելով նշված հեռախոսահամարով՝ 097129605:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս