Առինջում գործող «Ծիրանի այգի» ռեստորանում տեղի ունեցած դանակահարության հետևանքով 22-ամյա երիտասարդ է մահացել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ռեստորանում 22-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 23:15-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «Ծիրանի այգի» ռեստորանում հաճախորդները դանակով հարվածել են միմյանց:
Այնուհետև՝ ժամը 23:55-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր, կենսաբանական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդ:
Պարզվել է, որ վերջինս կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվաքծներն ստացել է քաղաքացու հաղորդման մեջ նշված միջադեպի ժամանակ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Նախնական տվյալներով՝ 2021թ. փետրվարի 6-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «Ծիրանի այգի» ռեստորանում առերևույթ հանցագործություն կատարած անձը վիճաբանել է Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է Կոտայքի մարզային քննչական վարչության և Աբովյանի քննչական բաժնի քննչիներին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, զննությամբ վերցվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, ՌԴ քաղաքացի՝ ծնված 1977թ.:
Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ձեռնարկվում միջոցաառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: