«Այդ հայտարարությունը լուրջ մի ընդունեք». Էդմոն Մարուքյանը՝ արտահերթ ընտրությունների չգնալու՝ իշխանության հայտարարության մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իշխանությունն արտահերթ ընտրությունների հարցով  հետաքրքիր մանիպուլյատիվ քայլ արեց, ինչը հաջողությամբ այսօր հասցնում է իր ավարտին։

«Ընդդիմադիր դաշտում նոյեմբերի 10-ից սկսած եղել է մեկ պահանջ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ, որի վերաբերյալ ձևավորվել էր կոնսենսուս մինուս մեկ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, և խորհրդարանը, որն ունի իշխանություն, պետք է ընտրի նոր վարչապետ։ Ի պատասխան այս հանրային պահանջի՝ վարչապետն առաջարկում է, որ գնանք արտահերթ ընտրությունների, և սկսվում է արտահերթ ընտրությունների մասին, այսպես ասած, նիսյա խոսակցություն։ Նաղդ պրոբլեմները թողած, նիսյա խոսակցությունների գնաց»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

Ըստ Էդմոն Մարուքյանի, արտահերթի գնալու օրակարգը եղել է Նիկոլ Փաշինյանինը, որից որևէ մեկը չի հրաժարվել, քանի որ բոլորն էլ զբաղված են արտահերթ ընտրությունների գնալու օրակարգով։ Ի պատասխան, Փաշինյանն ասել է, որ եթե ուզում են արտահերթ ընտրություններ, պետք է ստորագրել հուշագիր։

«Հիմա էլ հուշագիր ստորագրենք, կարող են ուրիշ բան ուզել, ուզում են ընտրություններ, թող խորհրդարանը ցրեն, գնանք ընտրությունների, բայց պահանջարկը չի եղել ընտրություններ անել-չանելու մասին։ Մի բան էլ ասեմ՝ այդ հայտարարությունը լուրջ մի ընդունեք, չեմ բացառում՝ չորեքշաբթի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կասի, որ կարծում է՝ պետք է գնալ արտահերթ ընտրությունների, որևէ հայտարարություն լուրջ մի ընդունեք։ Նոյեմբերի 10-ից սկսած գնդակն իրենց դաշտում է, կա հրաժարականի հանրային պահանջարկ, այդ պահանջարկը մնում է ուժի մեջ, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ նոյմեբերի 14-ից սկսած առաջարկում է ստեղծել պարիտետային քննիչ հանձնաժողով՝ նախապատերազմական, ինչպես նաև պատերազմի ընթացքն ուսումնասիրելու համար։

«Այս հարցով բան կա խոսելու, ինչ-որ թեմաներ են դրվում խոսակցության մեջ, հետո հանվում է, կոնկրետ բան ենք առաջարկել, պետք է քննել, թե ինչ է տեղի ունեցել։  Այս հարցը, որը կարևոր հարց է, ինչպես ա դառնում երկրորդական հարց։ Մի անգամ արդեն ասել եմ՝ ընտրություններն առանց կտրել ձմերուկի նման է, այսինքն՝ չգիտենք, թե ինչ արդյունք կունենանք։ Կարծում եմ՝ իշխանությունն ի սկզբանե չի ունեցել ընտրությունների գնալու նպատակ»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս