«Հասկանալի դարձավ, որ ընդդիմադիր դաշտում վերահսկողությունն ամբողջովին անցնում է Ռոբերտ Քոչարյանին․ սա ամենավատ անակնկալն էր Նիկոլ Փաշինյանի համար». քաղտեխնոլոգ
Իշխող թիմը՝ «Իմ քայլը», երեկ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու։
«Իմ քայլի» տարած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։
Հիշեցնենք, որ այս հայտարարությանը նախորդել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեծ հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր, որ մասնակցելու է ընտրություններին։
168.am–ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների չգնալու վերաբերյալ վերոնշյալ հայտարարությանը, նկատեց՝ ի սկզբանե իշխանությունը գնում էր բլեֆի։
Իշխանությունը՝ հայտարարելով, որ առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել, ուղղակի փորձում էր հանրությանը շեղել ընդդիմության և էլիտաների առաջարկած քաղաքական օրակագից, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից։
«Երկու ամիս Հայաստանում, սփյուռքում՝ էլիտար խմբերը, հոգևոր իշխանությունը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հրաժարականի պահանջով նաև փողոցային ճնշումներ կային։ Նիկոլ Փաշինյանը, փորձելով հանրությանը շեղել այս օրակարգից, առաջարկեց իր կոնտր-խաղը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Նա արտահերթ ընտրությունների հետ կապված անընդհատ մեջբերում էր ժողովրդի գործոնը՝ ասելով՝ թող ժողովուրդը որոշի, և այլն։ Կարծում եմ՝ ի սկզբանե սա բլեֆ էր այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը հույս ուներ և ամեն ինչ անում էր, որպեսզի այդ ընտրությունները չանցկացվեին։ Ինչո՞ւ եմ սա ասում. Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ վարչական ռեսուրս չունի՝ ընտրություններն իր օգտին անցկացնելու համար, մենք բոլորս էլ գիտենք, որ նա նույնիսկ Սյունիք չկարողացավ մտնել, թե ինչպես այցելեց Եռաբլուր՝ տեսանք, նաև Եռաբլուր գնալու օրը հասկանալի դարձավ, որ նա առանձնապես մարդկային ռեսուրս էլ չունի։ Այդ օրը ովքեր ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի փողոց էին դուրս եկել, ուժային կառույցների ներկայացուցիչներն էին, նաև մարզերից վարչական ռեսուրսի հաշվին մեծ ջանքերով բերված մարդիկ, միայն 1/3-ն էր Նիկոլ Փաշինյանի երդվյալ աջակիցները»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ մեծ խնդիրներ կան նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում, դրանով է նաև պայմանավորված, որ, երբ հայտարարում էր՝ պատրաստ է գնալու արտահերթ ընտրություններին, երաշխիքներ էր խնդրում ընդդիմությունից, որ վերջինս իր վարչապետի թեկնածուն չառաջադրի, հասկանալով, որ գուցե իր թիմից 20-25 հոգի կքվեարկի ընդդիմության թեկնածուին։ Բացի այս, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գնալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նրա թիմում շատերը հասկացան, որ իրենց իշխանության մնալու օրերը հաշված են, որովհետև Նիկոլ Փաշինյանը հանուն իր իշխանության պահպանման պատրաստ է հանձնել թիմին։
«Թիմում շատերը հասկանում են, որ հաջորդ խորհրդարանում իրենք որևէ շանս չունեն անցնելու։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ հույսն այն է, որ ընդդիմությունը կհայտարարեր, որ չի մասնակցելու ընտրություններին, սակայն այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ թեպետ իր երազած տարբերակը չէ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմակերպվող արտահերթ ընտրությունները, բայց եթե լինեն արտահերթ ընտրություններ՝ մասնակցելու և կրելու է։ Այս ամենից հետո հասկանալի դարձավ, որ ընդդիմադիր դաշտում վերահսկողությունն ամբողջովին անցնում է Ռոբերտ Քոչարյանին, կարծում եմ՝ սա ամենավատ անակնկալն էր Նիկոլ Փաշինյանի համար, որ, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ընդդիմադիր հիմնական բևեռը, և ընտրություններում կարող է Նիկոլ Փաշինյանի սիրելի սևի ու սպիտակի տարբերակը լինել։ Այսինքն՝ այն ընտրազանգվածը, որը դեմ է Նիկոլ Փաշինյանին, կքվեարկի ընդդիմության այդ պահի ամենաամուր թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին, որ մեծ հավանականություն կա, որ ունի արտաքին աջակցություն։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի պլանները վերջնականապես խառնեց, այդ պատճառով էլ նա պարզ ասաց, որ հիմա խուսափում է արտահերթ ընտրությունների գնալու գաղափարից»,- հավելեց քաղտեխնոլոգը։
Ըստ Վիգեն Հակոբյանի, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ կանի, որպեսզի իր իշխանության մնալու ժամանակը երկարացնի, սակայն ամբողջ ողբերգությունն այն է, որ այդ ժամանակն աշխատելու է իշխանության դեմ։ Բանն այն է, որ հանրային տրամադրություններում օրվա իշխանությունը ժամանակավոր կարգավիճակ ունի, և բոլորը սպասում են փոփոխությունների։ Երկրում ամբողջ բիզնեսը կանգնած է, հանրությունը օրերն է հաշվում, թե երբ են բացվելու ճանապարհները, որ գնա, և նման պայմաններում իշխանությանը չի հաջողվելու երկրում որևէ հարց լուծել։
«Առաջիկայում երկրում սպասվելու է բավականին սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, սրան զուգորդվում է նվաստացուցիչ պայմաներով հողերի հանձնումը, բանակի կազմալուծումը, այսինքն՝ այս ամենն էլ ավելի է թուլացնում իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին ներկայացրել էր գործողությունների ճանապարհային քարտեզ և 6 ամիս խնդրեց, որպեսզի վերականգնի ամեն ինչ։ Անցել է երկու ամսից ավելի, իշխանությունը այդ ճանապարհային քարտեզից որևէ կետ չի իրականացրել։ Այսինքն՝ ֆորմալ առումով Նիկոլ Փաշինյանը իշխանության գլուխն է, բայց, ինչպես տեսնում ենք՝ իրավիճակն է՛լ ավելի ճգնաժամային է դառնում, հիմա երկրում արդեն համակարգային ճգնաժամ է։ Այսինքն՝ այնպես չէ, որ ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի օգտին, որովհետև կա՞ ընդդիմություն, թե՞ ոչ, այսօր նրան ընդդիմադիր է իրավիճակը, նա չի կարողանում որևէ կերպ այդ իրավիճակն իր վերահսկողության տակ վերցնել»,- շեշտեց Վ. Հակոբյանը։
Նրա բնորոշմամբ, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ մտնելու է մեծ քաղաքականություն՝ հստակ մեսիջ է իր արտաքին գործընկերներին, ինչը նշանակում է, որ դրսում հստակ սկսում են հասկանալ, թե ում է պետք աջակցություն ցուցաբերել և ում է պետք խանգարել։
«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ Ռոբերտ Քոչարյանը դրսից այդ աջակցությունը կստանա։ Այն, որ Քոչարյանը, ըստ էության, բավականին երկար հարցազրույց ունեցավ ՌԴ պետական ամենագլխավոր լրատավական ռեսուրսի կողմից, արդեն իսկ ցույց է տալիս ՌԴ-ի պետական կառույցների վերաբերմունքը նրա հանդեպ։ Ի դեպ, մի մարդու հանդեպ, որն այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի․ իսկ դա ուղղակիորեն ցույց է տալիս, որ սկսվում է իմ ասած աջակցման ծրագրի իրագործումը»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։