«Քոչարյանն ասաց, որ կգնա ընտրությունների, Նիկոլենք կամաց-կամաց «զադնի» են տալիս». Արամ Հարությունյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ ընդգծեց, որ վերջինը պատրաստակամություն է հայտնել Հայաստանն ու Արցախը դուրս բերել ստեղծված իրավիճակից: Հարությունյանի խոսքով՝ որպես ընդդիմության լիդեր՝ ինքը տեսնում է Քոչարյանին:
«Որքան շուտ համախմբվեին Ռոբերտ Քոչարյանի շուրջ, մենք տարածքային կորուստներ չէինք ունենա: Հստակ է, որ միակ ելքը նա է այս էտապում, երկրորդ մարդը չկա, ցավալի է, որ չկա, բայց փաստ է: Իմիտացիոն գործընթաց որևէ քաղաքական ուժ պետք է չտանի, հստակ է, որ չկա մարդ, որը Քոչարյանի պես կասի, թե երկիրը կարող է այս վիճակից հանել: Ընդ որում՝ նա ֆիքսեց, որ թիմով է դա անելու, այսինքն՝ կա թիմ: Ես համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հենվելու է այն պրոֆեսիոնալների վրա, որոնք նաև հայրենասեր են»,- ասաց Հարությունյանը:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը վստահություն հայտնեց, որ Երկրորդ նախագահը դա կարող է անել, քանի որ մեկ անգամ արդեն արել է: Արամ Հարությունյանի կարծիքով՝ «Իմ քայլը» խմբակցության՝ արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվելու պատճառն էլ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալն է:
«Քոչարյանն ասաց, որ կգնա ընտրությունների, Նիկոլենք կամաց-կամաց «զադնի» են տալիս: Իրենք հասկանում ենք, որ Քոչարյանը երբեք չի պարտվել: Ես համոզված եմ, որ դրանով է պայմանավորված: Ռոբերտ Քոչարյանը չշտապեց այդ հայտարարությունն անելով, նա այն քաղաքական գործիչն է, որը երբեք չի շտապում, ամեն ինչ ասում է ճիշտ ժամանակին»,- ասաց Հարությունյանը:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի խոսքով՝ ինքը միայն մեկ պատճառով չի ցանկացել, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ընդդիմության լիդերը, քանի որ պետք է կառավարեր ընդամենը մեկ տարի:
«Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը կարող է միանգամից վատանալ, եթե 17-ը պարոն Մանուկյանին իդեա տան, որ հրավիրի Ռոբերտ Քոչարյանին 17-ի նիստին: Ես համոզված եմ, որ այնտեղ որևէ մեկը վատ իմաստով ասելիք չունի Քոչարյանին: 17-ից ոչ ոք իրավունք չունի, հատկապես այն ուժերը, որոնք Նիկոլ Փաշինյանին դեմ են, վախենան Ռոբերտ Քոչարյանի անունը տալուց, իսկ եթե վախենում են, խաղեր են տալիս, ուրեմն Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր են լցնում»,- ասաց Հարությունյանը:
Լրագրողի հարցին ի պատասխան, թե խոսակցություններ կան, որ ԲՀԿ-ն համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ, Արամ Հարությունյանը հակադարձեց, որ չի հավատում այս խոսակցություններին:
«Քաղաքական ուժերից Գագիկ Ծառուկյանն ամենապատրաստն է ընտրությունների՝ որպես մոբիլ կառույց: Ընտրությունն ինչքան շուտ լինի, այդքան իրեն ձեռնտու է: Ես հավատում եմ Ծառուկյանի ասածներին: Նա Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց, որ ինքն ասել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: