«Երեսիս ասեք, որ ուզում եք՝ հեռանամ»․ Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մամուլի ասուլիսի ժամանակ կտրուկ պատասխանել է իր ապագայի մասին հարցին:
«Մենք անցած տարի հաղթեցինք Լա Լիգան: Մենք՝ Մադրիդի «Ռեալը»… Հաջորդ մրցաշրջանում գուցե ստիպված լինեք որոշակի փոփոխություններ կատարել: Բայց մենք իրավունք ունենք պայքարելու: Եկեք պայքարենք։
Մենք առաջնությունը նվաճեցինք անցյալ տարի, ոչ թե 10 տարի առաջ: Մի փոքր հարգանք ցուցաբերեք սրա նկատմամբ:
Դուք՝ լրագրողներդ, շատ եք խոսում: Բայց դուք պետք է պատասխանատվություն ստանձնեք: Ասա երեսիս՝ ուզում եմ, որ հեռանաս: Կամ՝ մենք ուզում ենք, որ հեռանաք: Բայց դու դա պետք է ասես դեմքիս, ոչ թե մեջքիս հետևում:
Ես եմ ղեկավարում թիմը: Եթե ինչ-որ բան չի գործում, դուք պետք է տեսնեք, թե ով է պատասխանատու: Հաջորդ մրցաշրջանում, հավանաբար, անելիք կլինի: Բայց այս տարի թիմն արժանի է շարունակել այս կազմով։
Մի օր ես հեռանում եմ Մադրիդի «Ռեալից», մյուս օրը՝ ոչ, հետո ոչ-ոքի ենք խաղում կամ պարտվում ենք, կրկին աշխատանքից ազատվելու մասին է խոսքը: Ամեն անգամ, երբ մենք վատ հանդիպում ենք ունենում, նրանք ինձ հարցնում են այդ մասին: Ես արժանի չեմ այս ամենին:
Մի փոքր բարկացած եմ, երկու շաբաթ մեկուսացա կորոնավիրուսի պատճառով և անհամբեր սպասում եմ դուրս գալուն և ցույց տալուն, որ կպայքարեմ մինչև վերջ»,- ասել է Զիդանը:
Սիրարփի Աղաբաբյան