«Քարտեզը կբերենք, մասնագետների հետ ճշտումները կանենք, դրանից հետո պարզ կլինի՝ հողերի կորուստներ ունե՞նք, թե՞ ոչ». Ներքին Խնձորեսկի ղեկավար
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի ղեկավար Երվանդ Մալունցի խոսքով՝ Ներքին Խնձորեսկում դեռևս չեն ավարտվել սահմանազատման աշխատանքները։
«Գյուղացիների մոտ նորմալ վիճակ է, որևէ խուճապ չկա, մենք Կադաստրի պետական կոմիտեից կոորդինատներն ու քարտեզը վերցնելու ենք, պետք է ճշտումներ կատարվի, դրա արդյունքում ամեն ինչ պարզ կլինի։ Թող կադաստրից քարտեզն ուղարկեն, մենք մեր ճշտումներով աշխատանքները կավարտենք, դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի, որից հետո էլ վերջնական կասենք՝ ինչ է կատարվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Մալունցը։
Նրա խոսքով՝ այժմ այդքան էլ էական չէ՝ թշնամին մո՞տ է, թե՞ ոչ․ իրենք իրենց գյուղում ապրում են։
«Խնդիրն անասնապահների հետ է կապված, գյուղատնտեսության, հողերի հետ է կապված, թե չէ ժողովուրդը նույն ձևով ապրում է, այսինքն՝ այնպես չէ, որ խուճապ կա»,- հավելեց նա։
Հարցին՝ ամռանը Ներքին Խնձորեսկից ադրբեջանցիները գերեվարել էին Նարեկ Սարդարյանին, այժմ երաշխիքներ կա՞ն, որ բնակիչներին չեն գերեվարի, Երվանդ Մալունցը պատասխանեց.
«Բայց դուք ինչո՞ւ եք մտածում, որ Ադրբեջանը մեզանից չի վախենում, կամ պետք է… ինչ պետք է անի, այդ նույնը կրկնակի մենք ենք անելու, այնպես չէ, որ ձեռքներս ծալելու ենք, նստենք։ Հիմա քարտեզը կբերենք, մասնագետների հետ ճշտումները կանենք, դրանից հետո պարզ կլինի՝ մենք հողերի կորուստներ ունե՞նք, թե՞ ոչ»։