ՌԴ-ում գրանցվել է հոկտեմբերից ի վեր կորոնավիրուսով վարակվելու նվազագույն ցուցանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում աճել է 116 842-ով: Դա հոկտեմբերի կեսերից ի վեր գրանցված նվազագույն ցուցանիշն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա:
Վերջին անգամ յոթ օրվա ընթացքում ավելի քիչ թվով վարակվածներ եղել են հոկտեմբերի 19-25-ը. այդ ժամանակ հայտնի էր դարձել 114 543 հիվանդացածների մասին:
Մոսկվայում փետրվարի 1-ից 7-ը հաստատել են 13 652 նոր դեպք՝ նախորդ շաբաթվա 16 946-ի փոխարեն: Այսպիսով, մայրաքաղաքում վարակվածների թվի աճը նվազագույնն է եղել սեպտեմբերի վերջից ի վեր։
Վերջին յոթ օրվա ընթացքում բուժվել են 156 206 ռուսաստանցիներ։ Արդեն բուժված հիվանդների մասնաբաժինը արագ աճում է. եթե անցյալ կիրակի այն կազմում էր 85,7%, ապա այս կիրակի արդեն 87,1% է:
Առողջացողների թիվն արդեն գրեթե երկու շաբաթ գերազանցում է հայտնաբերվող դեպքերի թիվը, եւ այս պահին հիվանդ ռուսաստանցիների թիվը արագորեն նվազում է: Մեկ շաբաթվա ընթացքում այն նվազել է միանգամից 42 843-ով, մինչև 434 410, ինչը նվազագույն ցուցանիշ է նոյեմբերի 9-ից ի վեր:
Նոր վարակի պատճառով մահացությունն աստիճանաբար նվազում է. եթե հունվարի 25 – ից մինչեւ 31-ը շտաբը հայտնել է 3 720 մահացածների մասին, ապա փետրվարի 1-ից մինչեւ 7-ը՝ 3 479-ի մասին: Ընդ որում, մահացության ցուցանիշը հիվանդացության անկման ֆոնին յոթ օրում 1,9 տոկոսից աճել է մինչեւ 1,93 տոկոս, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները: