«Ժողովուրդը պետք է դուրս թափվի, պետք է նորմալ իշխանություն ձևավորվի, որը կիմանա՝ ինչ է պետությունը». Ռազմիկ Դավոյան
Բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի խոսքով՝ այսօր Հայաստանում մտավորականությանը տրորել են, և որևէ մեկը նրա խոսքը, ձայնը չի ուզում լսել։
«Մտավորականին արժեզրկել են։ Մտավորականությունը չի լռել, գոռացել է 90-ականներից սկսած, բայց շան տեղ չդրեցին, ժողովուրդն էլ մեզ չլսեց 2018 թվականին, կարծում եք՝ այդ ժամանակ չե՞նք գոռացել, գոռացե՛լ ենք։ Չե՛ն լսել՝ ականջը խուլ, աչքը մշուշոտված ու փակ ժողովուրդն ընկել է մի առնետի հետևից։ Հիմա մտավորականությունն ի՞նչ անի, ո՞ր քարին տա գլուխը, հիմա ես ի՞նչ անեմ, ո՞ւմ գնամ ասեմ, որ քո խոսքը ժողովուրդը հարգում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Դավոյանը։
Ըստ նրա, մտավորականության ձայնը մարդիկ չեն լսում, քանի որ, ինչպես Թումանյանն էր ասում՝ պատմություն ունեն, բայց պատմությունը չգիտեն, գրականություն ունեն, բայց չեն կարդում, երկիր ունեն՝ չգիտեն՝ որն է։
«Հիմա այս պայմաններում ժողովուրդն ի՞նչ պետք է սովորի, չի կրթվում, պետք է կրթվի, որպեսզի հասկանա, թե որն է իր դերն այս բոլոր գործընթացներում։ Հիմա երկրում ստեղծված վիճակը մեզ բարվոք տեղ տանելու վիճակ չէ։ Պետք է նորմալ իշխանություն ձևավորվի, որը կիմանա՝ ինչ է պետությունը, ժողովուրդն ով է, մտավորականությունն ինչ դեր պետք է ունենա, և այլն»,- հավելեց Ռազմիկ Դավոյանը։
Իրավիճակը շտկելու համար Ռազմիկ Դավոյանն իր անձնական առաջարկն ունի.
«Ժողովուրդը պետք է դուրս թափվի, ասի, թե ինչ է ուզում։ Դե, թոշակ ուներ, ասում էր՝ քիչ է, աշխատանք ուներ, ասում էր՝ լավը չէ, չնայած իրեն ապահովում էր ամեն ինչով։ Հիմա այդ բոլորը չունի, ոչ էլ խելք ունի, որ մտածի, որ այդ բոլորն իրենից խլողն այս իշխանությունն է, խիղճ էլ չունի, որ ասի՝ այդ իշխանություն ձևավորողն ինքն է եղել։ Հիմա պետք է դուրս գա, գնա, ինչպես իշխանությունն է ասում՝ նախկինների մոտ, աղաչի ու ասի՝ եկեք մեզ ազատեք այս իշխանությունների ձեռքից և բերեք մարդու վիճակի, երկիրն էլ երկիր դարձրեք»։