Արդյոք շնորհակա՞լ ենք
Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Ոսկյանց քահանաների հիշատակության օրը, ովքեր Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին: Նրանք, գալով Հայաստան, հանդիպեցին Սուրբ Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված՝ դարձան քրիստոնյա՝ մկրտվելով:
Առաքյալի մահից հետո Ոսկյանց քահանաները մեկուսացան հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և ճգնակենցաղ կյանքով ապրեցին շուրջ 40 տարի: Ապա Ոսկյանք եկան հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն, որտեղ և սրախողխող արվեցին՝ վրեժխնդրության ենթարկվելով: Քահանաները, ում հիշատակը նշվում է այսօր, Հայ եկեղեցու առաջին նահատակներից են և ճգնավորներից:
Քահանայությունն առհասարակ չի սահմանափակվում միայն եկեղեցական ծառայությամբ ու արարողակարգերով:Քահանան Տիրոջ խորհուրդների սպասավորն է, նա Սուրբ ավազանի մկրտությամբ մարդկանց որդեգրում է Հայր Աստծուն և Քրիստոսի ժառանգակիցներ դարձնում: Քահանայի բարձրագույն տիպարը Քրիստոսն է` «հավիտենական քահանայապետը» (Եբր. 5:10): Քահանայական ծառայության կարևոր պայմանը հոտին երկնքի արքայության առաջնորդելն է և հոգեխանամ առաքելությունը:
Քահանա լինելը նախ ենթադրում է չընդհատվող շփում ժողովրդի հետ: Քահանա հայրերն են մեզ տալիս այն հարցերի պատասխանները, որոնք առաջանում են մեր մտքերում ու սրտերում՝ Քրիստոսի խոսքն ուսումնասիրելիս: Նրանք հոգիների բժիշկներն են՝ Աստծուց առաջնորդվող:
Ի հարգանս Սուրբ Ոսկյանց քահանաների գրվել է Մանկունք շարական, որտեղ խտացված կերպով ձևով ներկայացված է նրանց պատմությունը:
Դուք արժանացաք Թադեոս Առաքյալի
աշակերտները կոչվելու
և աստվածային մաքրող կրակով փորձվեցիք
և ձեր ոսկի լինելը հրեշտակների
բնակարաններում հաստատվեց
Ով երանելի Սուրբ Ոսկյաններ,
Բարեխոսեցեք Տիրոջը՝ մաքրի մեզ մեր մեղքերից
Դուք անհրաժեշտ դավանությամբ
Քրիստոս քարոզեցիք թագուհու պալատում,
Քաջ նահատակներին Եփրատի ծաղկազարդ, վայելուչ
ակունքներում մկրտելով,
Ով երանելի Սուրբ Ոսկյաններ,
Բարեխոսեցեք Տիրոջը, որպեսզի մաքրի մեզ մեր մեղքերից
Դուք թագավորի որդու հրապուրանքներից անպարտելի մնացիք
Չարչարվեցիք Քրիստոսի համար.
Արագապես խողխողվեցիք, իբրև ընդունելի ընծա (պատարագ)
Ով երանելի Սուրբ Ոսկյաններ,
Բարեխոսեցեք Տիրոջը, որպեսզի մաքրի մեզ մեր մեղքերից:
qahana.am