«Փաշինյանի հրաժարականի հաջորդ օրն իրենք բոլորը դատվելու են, այդ թվում՝ Նիկոլի գրպանում գտնվող 4 օլիգարխները». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իշխանությունների նախաձեռնած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ իր դիտարկումներն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով:

«Այս կերպ փորձ է արվում փակել անհաճո լրատվամիջոցների բերանը: Բնականաբար, սա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է, իր հիմնական թիրախը տելեգրամյան ալիքներն են՝ «Mediaport», «Dejavu» և այլն, որոնք շատ լայն հանրային տարածում են ստանում և շատ արագ: Հատկապես «Mediaport»-ի հրապարակած բազմաթիվ տեղեկություններ այնուհետև հաստատվում են պաշտոնական հաստատումներով, ուստի, սա միանշանակ է, որ կոնկրետ թիրախավորված են այդ մի քանի տելեգրամյան ալիքները:

Նպատակը մեկն է, որպեսզի այդ տելեգրամ ալիքների տեղեկատվությունը լրատվամիջոցները չվերցնեն և չտարածեն, այլապես լրատվամիջոցն ինքը կընկնի սանկցիաների և պատասխանատվության տակ: Ես արդեն նույնիսկ դժվարանում եմ հաշվել այն հակասահմանադրական նախաձեռնությունները, որոնք արել է ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից խոսող, ԱԺ ամբիոնից՝ «ըստ օդում կախված լուրերի» վրա հենվելով՝ մարդկանց սպանությունների, թալանի, կոռուպցիայի մեջ մեղադրող անձը: Հիշեք՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները՝ 90 տոկոսով այդ ելույթները սկսվել են՝ «ըստ օդում կախված լուրերի» արտահայտությամբ: Փաշինյանն «ըստ օդում կախած լուրերի»՝ մարդկանց մեղադրել է սպանություններ կատարելու, թալանի, մարդ առևանգելու մեջ, այսինքն՝ այս մարդը, որի քաղաքական և լրագրողական կարիերայի հիմնական լեյտմոտիվը եղել են օդում կախված լուրերը, հիմա փորձում է այս կերպ բլոկադայի ենթարկել ազատ խոսքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու՝ իմքայլական մի խումբ պատգամավորների հեղինակած նախագիծը ոլորտի մասնագետները խնդրահարույց են համարում։ Իշխանության ներկայացուցիներն առաջարկում են լրատվամիջոցներին արգելել տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրներին։ Անանուն աղբյուրը, ըստ նրանց ներկայացրած նախագծի՝  համացանցում գրանցված դոմեյնն է, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը, կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ պաշտպանում է լրատվական, հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, որ սա ուղղակի խնդրահարույց նախագիծ է.

«Ես իմ դիտարկումներն ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով: Այս նախագիծը բացարձակապես կապ չունի ֆեյքերի դեմ պայքարի հետ: Ֆեյքերը ստեղծել են իրենք, թող փակեն իրենց ՊՈԱԿ-ը, հանձնարարեն իրենց գրպանում բնակվող օլիգարխներին դադարեցնել բոլոր ֆեյք ինդուստրիաները, և մեկ ժամում սոցիալական դաշտը կմաքրվի աղտից, ապականությունից: Այնպես որ, իրենց հռչակած թեզերը որևէ կապ չունեն իրականության հետ, այս ամենն արվում է կոնկրետ տելեգրամյան ալիքները լռեցնելու և փակելու համար, որովհետև այդ տելեգրամյան ալիքներն այլևս շատ ավելի լայն հանրային լսարան են գրավում»:

ԱԺ պատգամավորը վստահ է, որ, եթե անգամ նախագիծն ընդունվի, դա չի տարածվելու իշխանական ֆեյքերի վրա.

«Ես վստահ կարող եմ ասել, որ Փաշինյանն ու իր թիմը ճանապարհ և եղանակներ արդեն գտել են իրենց ֆեյքերին ապահովագրելու համար, որպեսզի իրենց ֆեյքերը շարունակեն տարածել ապատեղեկատվություն, ատելություն, շարունակեն հասարակությունը բաժանել սև-սպիտակի, շարունակեն մտնել Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի քաղաքական գործիչների անձնական կյանքը: Իհարկե, նրանց վրա չի տարածվելու: Եթե ուզում է ֆեյքերի դեմ պայքարել, պետք չէ դրա համար օրենքի նախագիծ ընդունել՝ փակում է այդ խայտառակ ՊՈԱԿ-ը, 4 օլիգարխներին, ովքեր ֆինանսավորում են այդ ամբողջ աղտեղությունը, հանձնարարում է դադարեցնել ֆեյքային ինդուստրիայի ֆինանսավորումը, իր 2 պատգամավորներին, ովքեր կուրացիա են անում ֆեյքային ինդուստրիայի մի մասը, Հանրային խորհրդի որոշ անդամների, տարբեր գործիչների ուղղակի ասում է, որ դադարեցնում ենք, ստոպ, և ես երաշխավորում եմ, որ անմիջապես սոցիալական տիրույթը կսկսի ազատ և մաքուր շնչել, երբ ազատվի իշխանական ֆեյք ինդուստրիայից»:

Նաիրա Զոհրաբյանը չնշեց իր հիշատակած օլիգարխների, պատգամավորների, ՀԽ անդամների անունները. «Ես այդ օլիգարխների անունները քանիցս հրապարակել եմ, իրենք այդքան չարժեն, որ իրենց անունը նորից հրապարակեմ: Այդ թվում՝ ԱԺ այն մի կին և տղամարդ պատգամավորի անունը քանիցս հրապարակել եմ, ես իրենց հետ խոսելու ոչինչ չունեմ, ես իրենց ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հաջորդ օրը իրենք բոլորը դատվելու են, բոլորը, այդ թվում՝ Նիկոլի գրպանում գտնվող ֆեյք ինդուստրիան ֆինանսավորող օլիգարխները. Բոլո՛րը»:

Տեսանյութեր

Լրահոս