Բաժիններ՝

«Բավականին ուժեղ ցնցում եղավ, ժողովրդին տարհանեցինք․ մինչև 22։00-ն ժողովուրդը մնաց դրսում՝ մեքենաների մեջ»․ Շորժայի համայնքապետ

«Մեծ ավերածություններ չկան, բայց փլուզումներ և ճաքեր կան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շողակաթ (Շորժա) խոշորացված համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին։

«Հիմնականում բոլոր տները շարժվել են։ Հիմա հանձնաժողովի կողմից աշխատանքներ են տարվում, մարզպետարանից, ԱԻն-ից եկել են, մեր տեղական հանձնաժողովը, տուն-տուն մտնում են․ Բոլոր շենքերին, հին կառույցներին ինչ-որ չափով վնաս է տվել։ Հիմնականում բնակելի տներ են և անասնագոմեր, որինը՝ մի քիչ շատ, որինը՝ մի քիչ քիչ, բայց հիմնականում շարժել է»,- ասաց համայնքի ղեկավարը։

Շուշանյանը հայտնեց, որ արագ կազմակերպել են բնակիչների տարհանումը,  տուժածներ չկան․

«Բավականին ուժեղ ցնցում եղավ, ժողովրդին տարհանեցինք։ Հոսանքն էլ էին անջատել, մինչև 22։00-ն ժողովուրդը մնաց դրսում՝ մեքենաների մեջ։ 3 հատ հետցնցում եղավ, հետո, որ հանդարտվեց, լույսերն էլ տվեցին, բնակիչները հանգստացան, մտան տները։ Հիմնականում բոլոր հին կառույցները շարժվել են, դե, գիշերը չէր երևում, բայց հիմա, որ մտնում ենք տները, որի պերեգարոդկեն է փլվել, որինը՝ ճաքել, որի պոլն է շարժվել, որի տանիքն է շարժվել․․․ Շենքերին բան չի եղել, թեթևակի ճաքեր են՝ արտաքինից  և ներքինից, իսկ հին սեփական տները վնասներ կրել են։ Այս պահին հստակ թիվ չկա, աշխատանքներ են տարվում հիմա, հերթով՝ մեկ-մեկ տները մտնում են»։

Հիշեցնենք, որ երեկ, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով՝ 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել էր հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան, Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Այս հաղորդագրությունից մի քանի ժամ հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն փետրվարի 6-ին, ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին, ժամը 20:06-ին) գրանցված երկրաշարժի մասին հաղորդագրություն տարածեց: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցում  գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային դիտացանցի վերջին տվյալների համաձայն, նախքան տեղի ունեցած երկրաշարժը, անոմալ դրսևորումների քանակը մեծացել էր։ Դրանք դեռ ավարտված չեն։ Հաշվի առնելով վերը նշվածը, կարելի է եզրահանգել, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից՝ ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս