Արյունալի հետևանքներ կարող են ունենալ Փաշինյանի մասնակցությամբ ընտրությունները. Աննա Գրիգորյան

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը, վերցնելով այդ դաշինքով իրեն հատկացված մանդատը, դուրս եկավ խմբակցությունից, բայց պահպանեց իր տեղը՝ որպես ակախ պատգամավոր, պնդում է՝ բացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականից, որևէ այլ հարց չի կարող այս իշխանության օրակարգում լինել, ավելին՝ Փաշինյանից ինքն ունի ընդամենը մեկ ակնկալիք՝ հանձնել իշխանությունը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատգամավորը պնդեց նաև, որ իր համար անհասկանալի է, թե արցախյան պատերազմը պարտության տարած և Հայաստանն ու Արցախն արհավիրքի առաջ կանգնեցրած իշխանությունը, բացի հրաժարական տալը, ուրիշ ի՞նչ հարց կարող է քննարկել։

«Երբ նրանք ասում են, որ այս ամենի պատասխանատուն են, այդ պատասխանատվությունը պետք է դրսևորվի հրաժարական տալով, սակայն նրանք դա չեն անում, փոխարենը՝ ԱԺ են ներկայացնում ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող, հերթական ճնշման մի փորձ, և դա՝ այն դեպքում, երբ չգիտենք, թե Արցախի կարգավիճակի հարցն ինչպե՞ս պետք է լուծվի, երբ չգիտենք, թե տարածաշրջանում ի՞նչ է կատարվում, հայտարարվում է կովկասյան նոր ձևաչափի մասին, խոսվում 3+3 ձևաչափերի մասին։ Նման պայմաններում ես չգիտեմ, թե այս իշխանությունն ինչպե՞ս է, բացի հրաժարական տալը, ինչ-որ այլ բան անելու։ Ավելին, անհասկանալի է, որ փոխվարչապետ Տիգան Ավինյանը հայտարարում է, թե Սյունիքն անվտանգ է, փոխարենը խոսի Սյունիքի անվտանգային խնդիրների մասին. հետաքրքիր է՝ Սյունիքն անվտանգ համարելով՝ ի՞նչ մեսիջ են նրանք հղում միջազգային հանրությանը։ Կամ ասում են՝ Արցախի անվտանգության երաշխավորն է Հայաստանը. այստեղ հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք Հայաստանն այսօր ինքն իր անվտանգության երաշխավորն է։ Ես կարծում եմ՝ այսօր Հայաստանը կանգնած է պետականություն կորցնելու խնդրի առաջ»,- իր մտահոգությունները հայտնեց անկախ պատգամավորը՝ նշելով, որ երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները լուծելու փոխարեն՝ իշխանությունը ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ անելու ճանապարհն է բռնել, որի նպատակը հայտնի տելեգրամյան ալիքի տարածած տեղեկություններն են։

«Օրինակ՝ Մեդիապորտ տելեգրամյան ալիքը հրապարակում է տեղեկություններ, որոնք ազդում են Փաշինյանի և իշխանության հեղինակության վրա, դրա համար գնում է օրենքով փոփոխության, բայց միևնույն է, այդ փոփոխությամբ հարց չեն լուծելու. այն իշխանությունը, որը երկրում ֆեյքապետություն է ստեղծել, պայքար չի կարողանալու տանել ֆեյքերի դեմ»,- ասաց նա։

Պատգամավորի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում իր համար անհասկանալի է նաև, թե ինչպես կարող է այս իշխանությունը խոսել արտահերթ ընտրությունների գնալու մասին։

«Դա կբերի քաղաքացիական բախումների։ Մեր գերիները դեռևս Բաքվի բանտերում են, իշխանությունն ինչպե՞ս է այս պայմաններում անցկացնելու արտահերթ ընտրություններ։ Ակնհայտ է՝ Փաշինյանի հեռանալն անխուսափելի է լինելու։ Այս իշխանությունը, սակայն, քանի որ լավ ճանաչում է հասարակությանը, գիտի, որ նյութապաշտ զանգված է այդ հասարակության մեջ առկա, ուստի հիմա խոսում է արտահերթ ընտրության մասին ու խաղում այդ շերտերի նյութապաշտության վրա՝ խոստանալով հիմա էլ, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտուր կանեն։ Իհարկե, այդ շերտերին հետաքրքիր չէ Արցախի ապագան, ավելին՝ եթե Սյունիքն էլ տան, դարդ չեն անի, բայց կոգևորվեն, եթե որևէ հարուստից նրա տունն ու իշխանությունը վերցնի։ Կրկնում եմ՝ Փաշինյանի մասնակցությամբ չի՛ կարելի գնալ ընտրության, նրա մասնակցությամբ ընտրություններն արյունալի հետևանքներ կարող են ունենալ։ Ինչ է՝ Փաշինյանը կարո՞ղ է արդյոք ապահովել ընդդիմության ներկայացուցիչների անվտանգությունը։

Կարող են լինել զինված խմբեր, ո՞նց են բացառելու, որ նրանց մոտ եղած զենքը կրակի։ Ինչ է՝ գիտակցված գնում են ռիսկի՝ ունենալով հավանականություն, որ այդ զենքը կարող է կրակե՞լ։ Մյուս կողմից՝ Փաշինյանը գնում է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար, ու չեմ պատկերացնում՝ արդյո՞ք պատկերացնում է, որ կարող է լինել քաղաքացիական բախում։ Բազմաթիվ մարդիկ, պատգամավորներ, կարծում եմ՝ չեն համաձայնի նրա հետ նույն ցուցակով գնալ ընտրությունների, խնդիր ունեն անվտանգության, չէ՞ որ, երբ երկրի վարչապետի թիկնապահների քանակն ամեն օր ավելանում է, ինչպե՞ս կարող են այդ ցուցակով ընտրության գնացողներն անվտանգության խնդիր չունենալ, իսկ ընտրությունների գնալով՝ Փաշինյանը փորձելու է լեգիտիմացնել այս պատերազմում իր պարտությունը»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս