Ռուսաստանը «persona non grata» է հայտարարել Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետներին
Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:
«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Շվեդիայի դեսպանը, Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի դեսպանորդը: Դիվանագետներին բողոք է հայտնվել այն առնչությամբ, որ Շվեդիայի և Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների դիվանագիտական առաքելության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգում, իսկ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը՝ Մոսկվայում, հունվարի 23-ին մասնակցել են ապօրինի բողոքի ակցիաներին: Ընդգծվել է, որ նրանց այդ գործողություններն անընդունելի են և չեն համապատասխանում իրենց դիվանագիտական կարգավիճակին»,- ասված է հաղորդագրությունում:
Դեսպանությունների և հյուպատոսությունների նշված աշխատակիցները պարտավորվել են մոտ ժամանակներս լքել Ռուսաստանի Դաշնության սահմանները:
«Ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցած դիվանագետները հայտարարվել են «persona non grata»: Ռուսական կողմն ակնկալում է, որ հետագայում Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները և իրենց աշխատակազմերը խստորեն կհետևեն միջազգային իրավունքի նորմերին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում: