«Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը խղճի խայթ չունեն». հոգեբան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հոգեբան Կարինե Նալչաջյանը վերլուծելով Նիկոլ Փաշինյանի կերպարը՝ ասաց, որ նրա տեսակի մարդիկ շատ քիչ են հանդիպում, և նույնիսկ ողբերգություն է նման մարդու կողքին հայտնվելը:

«Փաշինյանի անձի և մանկության մասին որոշակի տվյալներ դուրս են սպրդել, մենք ինչ-որ բաներ գիտենք: Շատ է այդ մասին ասվում, որ նա ծանր մանկություն է  ունեցել, դա շատ մեծ նշանակություն ունի: Փաշինյանը ներքին շատ հակասականություն ունեցող մարդ է, չվարանենք ասել, որ ունի նաև որոշակի օժտվածություններ, որոշակի խարիզմա ունի, կարողանում է մարդկանց արբեցնել ու իր հետևից տանել: Խոսքը կարողանում է ճիշտ կառուցել, իր ստերը վիրտուոզ ձևով է ներկայացնում: Սա որոշակի օժտվածություն է, չնայած բարոյական իմաստով «մինուս» նշանի տակ է, բայց մարդն ունի այդ շնորհքները, եթե կարելի է այդպես ասել: Մարդու այս տեսակը շատ յուրահատուկ է նրանով, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, մարդու մոտ չեն ձևավորվել, այսպես ասած, բարոյական չափանիշներ: Հոգեբանության մեջ հայտնի բան կա, որ մարդու այս տեսակը հասարակության մեջ մոտ 3 տոկոս է կազմում, և նույնիսկ անձնական մեծ ողբերգություն է համարվում, եթե դու քո կյանքում հայտնվում ես նման մարդու կողքին, քանի որ դու դատապարտված ես: Այս մարդիկ շատ մեծ իշխանական ամիբիցիաներ են ունենում, իշխանատենչ են լինում»,- ասաց Նալչաջյանը:

Անդրադառնալով հաճախ հնչող արտահայտություններից մեկին, որ մեր 5000 զոհերի արյունը Նիկոլ Փաշինյանի խղճին է, հոգեբանն ասաց.

«Իրենք խղճի զգացողություն չունեն, դա մարդու մոտ ձևավորված չէ, ինքը չի զգում, դա նույն բանն է, որ դուք հիմա ինձ ոգևորված չինարեն ինչ-որ բան ասեք, ես դա չեմ հասկանա, ձևավորված չէ: Խղճի խայթը չկա: Մենք բոլորս էլ մեր կյանքում վրիպումներ թույլ ենք տալիս, մարդկանց ցավ ենք պատճառում, բայց մեղքի զգացողություն, խղճի խայթ ենք ունենում, ուզում ենք շտկել, ներողություն խնդրել, չկա դա իր մոտ: Նա այդ տեսակն է, ցավոք սրտի: Ստախոսությունն էլ էլի մանիպուլյացիայի հրաշալի գործիք է, հիբրիդային պատերազմների հոգեբանական բաղադրիչի կարևոր բաղադրամաս է»,- ասաց Նալչաջյանը:

Անդրադառնալով Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, հոգեբանը նշեց, որ վերլուծելու համար նրա մասին ինֆորմացիան քիչ է:

«Բայց այստեղ ես տեսնում եմ մի հրաշալի տանդեմ, բարոյական տեսակետից շատ մեծ համատեղելիություն, թեև այս 3 տոկոսը, ում մասին խոսում էի, իրենք անձնական ջերմ կապեր հաստատելու անընդունակ են լինում առհասարակ, բայց այստեղ մենք տեսնում ենք ամուր ընտանիք: Ես այստեղ մի փոքր կասկածում եմ, իհարկե, չի կարելի մտնել մարդկանց անձնական կյանք, բայց չմոռանանք, որ իրենք անընդհատ համագործակիցներ են եղել, թեկուզ այդ խմբագրատանն աշխատելիս, իրենք անընդհատ միասին գործ են արել, երբ կա ընդհանուր նպատակ, իրենք շատ լավ իրար լրացնելով՝ դա իրագործում են: Իրենք նաև ամուսիններ են, բայց կարևոր է ընդհանուր նպատակները: Դատելով Աննա Հակոբյանի պահվածքից՝ ինքն էլ է մտնում 3 տոկոսի մեջ»,- ասաց հոգեբանը:

Տեսանյութեր

Լրահոս