
Հումանիտար բեռների ստացման նոր կարգ է մշակվել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկում է հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների ամբողջ ընթացքը: Տարեսկզբից մշակված նոր կարգի համաձայն՝ ստացման և բացթողնման փաստաթղթերին կցվում են նաև լուսանկարներն ու տեսանյութերը: Նախարարությունում ստեղծվել է գործընթացը համակարգող հանձնաժողով:
Բեռների բաշխումը հասցեատերերին շարունակվում է իրականացվել համայնքապետարանների միջոցով: ԱԻՆ-ն ակտիվորեն համագործակցում է մյուս գերատեսչությունների՝ մասնավորապես Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ:
Պատերազմից հետո բեռներ են ուղարկվում միայն արտերկրից՝ ոչ միայն Արցախում բնակվողների և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքների, այլ նաև կամավորական տարբեր ջոկատներով մարտական գործողություններին մասնակցած անձանց համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոգում է նաև բեռների՝ դեպի մարզեր տեղափոխման հարցը՝ ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով: