«Երիտասարդ գիտնականների մասով ասացի, հարազատ մարդիկ ինձ քննադատեցին, հետո ինձ համեմատեցին այլ հայտնիների հետ». ԿԳՄՍ նախարար
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։
Կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի նախարար Վահրամ Դումանյանն անդրադառնալով այս օրենքում Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին, ասաց, որ ներկայիս ձևով ակադեմիան խնդրահարույց է։
«Ամեն դեպքում այս ձևով ակադեմիան խնդրահարույց է։ Երիտասարդ գիտնականների մասով ես խորհրդարանական լսումների ժամանակ ասացի, հետո հարազատ մարդիկ ինձ քննադատեցին, հետո ինձ համեմատեցին այլ հայտնիների հետ, թե իմ մտքում կար անիմաստություն։ Երբ ես ասում եմ՝ կան շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք էապես ավելի տաղանդավոր են, քան այլ երիտասարդներ։ Թվում է, թե իսկապես անիմաստ միտք է, ուղղակի այդ պահին ես չցանկացա ասել, թե այլ երիտասարդներ՝ ում նկատի ունեմ, հիմա ուզում եմ բացել փակագծերը։ Հարցն այն է, որ երբ ասում են՝ այսօր երիտասարդները գնում են գիտություն, ակադեմիա, այո՛, գնում են, մենք այդ երիտասարդներին շատ լավ գիտենք, մի մասն էլ մեր ուսանողներն են եղել։ Հա, լավն են, վատ ոչինչ չունեն, բայց շատ-շատ լավերն էլ ունենք, որոնց ասում ենք՝ գնացեք ակադեմիա՝ չեն գնում։ Նրանք գնում են արտասահման և ստանում են բարձր աշխատավարձ։ Այսօր նրանք ոչ մի կարգ ու օրենք չեն խախտում, իրենք օրինական են այդ ամենն անում»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։