«Այ տղա, ի՞նչ կանեփի արտադրություն, թուրքը զորք է հավաքում, երկրորդ պատերազմ է նախապատրաստում…». Գևորգ Պետրոսյան
«Միշտ հարգանք եմ տարածել իրավապահ մարմինների նկատմամբ, բայց վերջին շրջանում ոստիկանության գործողություններն ուղղակի ինձ ստիպում են նահանջել հարգանքի մոտեցումից: Ամենավայրագ ձևով անհամաչափ միջամտություն ունենալ քաղաքացիների կողմից իրականացվող խաղաղ հավաքներին՝ սա ուղղակի անթույլատրելի է իրավական և ժողովրդավարական հռչակված պետությունում: Եկել եմ այն կարծիքի, որ ոստիկանությունը պետք է մաքրենք անկիրթ մարդկանցից»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հայտնելով, որ մի քանի օր է՝ այցելում է անազատության մեջ ապօրինաբար պահվողներին, որոնց տարել են ոստիկանության բաժիններ՝ ազատ հավաքին մասնակցելու համար:
Պատգամավորն առաջարկեց նաև շատ արագ ատեստացիա անցկացնել ոստիկանությունում ու անգրագետներին դուրս թողնել:
«Ինչի՞ց ես բարկացա: Կառավարության նիստում մարդն ասում է՝ խրախուսենք կանեփի արտադրությունը: Հասկանո՞ւմ եք այս մարդու անլրջության մակարդակը: Այ տղա, ի՞նչ կանեփի արտադրություն, թուրքը զորք է հավաքում, երկրորդ պատերազմ է նախապատրաստում, դու կանեփ ես արտադրո՞ւմ: Փոխանակ զենքի արտադրությունից խոսես, կանե՞փ ես արտադրում»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը դժգոհեց նաև 17 կուսակցություններից:
«17 կուսակցությունները չեն կարողանում համախմբվել, և կա վճռականության, կազմակերպչական խնդիր: Դրա համար կոչ եմ անում՝ երիտասարդները համախմբվեն, պայքարեն իրենց ապագայի համար: Եթե երիտասարդները պայքարեն՝ ոչ ոք չի կարող ասել, որ քաղաքական ամբիցիաների հարց է լուծվում»,- նշեց Գևորգ Պետրոսյանը: