Ավարտվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրգործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի 38-ամյա բնակչի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:
«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 31-ին` ժամը 16:20-ի սահմաններում, Էջմիածնի քաղաքապետարանի հարակից տարածքում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցները, նկատելով, որ էջմիածին քաղաքի 38-ամյա բնակիչը, չենթարկվելով ՀՀ Պարետի որոշման պահանջներին, չի կրում պաշտպանիչ դիմակ, մոտեցել են նրան և խնդրել անձը հաստատող փաստաթղթերը, սակայն վերջինս պատասխանել է, որ անձը հաստատող փաստաթղթեր չունի և չի պատրաստվում ներկայացնել որևէ տվյալ: Ոստիկանը 38-ամյա տղամարդուն հայտնել է, որ պետք է ներկայանա ոստիկանության բաժին, որտեղ նրա անձը ճշտելուց և վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելուց հետո, կարող է գնալ: Սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին և փորձել է հեռանալ, որից հետո ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել նրան, սակայն 38-ամյա տղամարդը սկսել է ակտիվ դիմադրել, որի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ոստիկանության աշխատակիցների առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել և ձեռքով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածին քաղաքի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: